ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶՈՒՐԱԲՅԱՆԸ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ
ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին իր ցուցապաստառները «խմբագրել է»: Նախօրեին ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ նրա պաստառներից անհետացել էր Գագիկ Ծառուկյանի լուսանկարը` որպես կրիմինալի եւ օլիգարխիայի ներկայացուցիչ: «Առավոտ»-ին այդ փոփոխությունը Գասպարին այսպես է բացատրել. «Լեւոն Զուրաբյանն ինձ հորդորեց, որ ներկա պահին պետք չէ: Ես էլ՝ որպես ՀԱԿ անդամ, նաեւ իր վստահված անձ, իր հորդորը լսեցի»:

ԴՐԱՄԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է
19 տարի առաջ` նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամական միավորը` դրամը: Այս օրը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր:

ՆՎԻՐԵՑԻՆ
Երեկ մինչ ուշ գիշեր շարունակվող հեռուստամարաթոնի շրջանակներում արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանը փոխանցել էր 2 մլն դոլար, իսկ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.5 դոլար: Շարունակությունը՝ վաղվա համարում:

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ

Հայաստանում երթեւեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որեւէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որեւէ օրենքով սահմանված չէ, եւ դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթեւեկության, այդ թվում` երթեւեկության արագության կանոնների պահանջները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն: Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում արագաչափերի մասին զգուշացնող հսկայական ցուցանակները տեղադրված են դրանցից 500 մետր հեռավորության վրա:

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀԱԿ անդամ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, որն իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 1 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել: «Իմ կուսակցական ընկերների եւ աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո այսօր որոշեցինք մեր ունեցած հնարավորությունները եւ ռեսուրսները խնայել առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Դովլաթյանը:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկացրել է, որ Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում մի շարք աշակերտներ եւ ուսուցիչներ թունավորվել են: Դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր չկան: Առայժմ թունավորման պատճառը հայտնի չէ: Ըստ ԱՆ-ի՝ հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը:

ՓԼՈՒԶՈՒՄ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել  փլուզում, չճշտված տվյալներով՝ զոհվել է Հրազդանի բնակիչ Ֆրունզիկ Վիրաբյանը: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանն այդ կապակցությամբ ասել է, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն ու Կոտայքի մարզի փրկարար ծառայությունը նման ահազանգ չեն ստացել:




Լրահոս