Ինչ նպատակով էին երեք կուսակցությունները հանդիպել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կուսակցությունների, այդ թվում նաև ՀՅԴ-ի հետ:  Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում է եղել և հավելեց, որ քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցեր:

«Չկա որևէ 2 մոդել և չի կարող լինել։ Եթե հայեցակարգում հաստատված է մեկ մոդել, ո՞նց կարող է նույն մասնագիտական հանձնաժողովը 2 մոդել քննարկի», – անդրադառնալով երկու հայեցակարգի մասին խոսակցություններին` նշեց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ սա իրենց առաջին կամ 2-րդ հանդիպումը չէ ՀՀ նախագահի հետ, և նրանք բազմիցս հանդիպել են Սերժ Սարգսյանի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Նա հայտարարեց, թե իշխանության հետ կոալիցիա կազմելը չի քննարկվել։

«Հերթական` ջուրը պղտորելու հայտարարություններ են, սակայն եթե այդ հայտարարություններին հավատային, ապա արդեն 7 տարի է` Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է, և բոլոր դաշնակցականները պետք է գործադիր մարմնում պաշտոններ ունենային»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տեղեկությունը հաստատեց նաև «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժարվեց խոսել այդ հանդիպման մասին: «Չեմ խոսի երեկվա հանդիպման մասին, ես փակ քննարկումների ֆորմատը հարգում եմ, միայն կասեմ, որ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս