Արդեն որերորդ անգամ «Կարմիր բլուր» կայարանի հարակից տարածքի կոլեկտորը (խոշոր տրամագծով կոյուղի) բնակիչները վերածում են աղբանոցի` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Դեռևս անցյալ տարի` նույն կոլեկտորի տարբեր հատվածներում առաջացած վթարի հետևանքով ողջ տարածքը ողողվել էր կեղտաջրերով` ստեղծելով հակասանիտարական վիճակ և հարուցելով բնակիչների դժգոհությունը: Իսկ խնդիրը հետևյալն էր: Երկու դեպքում էլ վթարները հետևանք էին բնակիչների կողմից դիտավորյալ խցանման, որի նպատակը կուտակվող կոյուղաջրերով հարակից այգիները ոռոգելն էր:
Այսօր նմանատիպ վթար է տեղի ունեցել նույն կոլեկտորի մեկ այլ հատվածում` Կարմիր Բլուր 5 հասցեում: Բնակիչները, մշակելով ու էտելով իրենց այգիները, ծառի ճյուղերը ամբողջությամբ լցրել էին կոլեկտորի մեջ, որն էլ եկել կուտակվել էր մի դիտահորում և վթարի պատճառ դարձել: Եթե չլիներ «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցների արագ արձագանքը, որոնք մի քանի ժամվա ընթացքում մաքրեցին կոլեկտորը, ապա կրկին կստեղծվեր հակասանիտարական վիճակ և կրկին կլսվեր բնակիչների աղմուկ-աղաղակը:
Երևան Ջրի աշխատողներին հաջողվեց մեկ անգամ էլ կանխել սպասվող վթարը: Իսկ հետո: Մինչև երբ: Ի վերջո` ո՞վ է պատասխանատու կատարվածի համար: Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ առկախված կմնան, քանզի մեզանում, ձևավորված ավանդույթի համաձայն, նման դեպքերում մեղավորներ փնտրում են ամենուր` կառավարման մարմիններից մինչև սպասարկող կազմակերպություններ, բայց ոչ մեղավորների շրջանում: Տվյալ դեպքում հենց նույն «խեղճ ժողովրդի» շարքերում:
«Երեւան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն