ՎԻԹԽԱՐԻ ԾԱԽՍԵՐ՝ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ցանկացած երկրի առաջնային խնդիրն է կրթել ու դաստիարակել խելացի եւ գրագետ սերունդ, որը պետք է կերտի սեփական պետության ապագան: Հայաստանի պարագայում, ցավոք, կրթությունն ու գիտությունը հեռու են առաջնային ու գերակա ուղղություն համարվելուց: Այս տեսակետը հիմնավորվում է պետական քաղաքականությամբ, որի գործարկման առանցքային ճյուղն է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
Ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ 2011թ. գործունեության հաշվետվությունը՝ առանձնացրինք մի շարք թյուրըմբռնումներ: Դրանք հատկապես նկատվեցին հանրակրթության վարչության զեկույցում: Այսպես, հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարքում նախարարությունն իր առաջին հաջողությունն է համարում «Շախմատ» առարկայի 2-4-րդ դասարաններում դասավանդումը, ինչի կազմակերպման համար կատարվել են բավականաչափ աշխատանքներ: Բացի այն, որ բոլոր դպրոցներում առանձնացվել են այս առարկայի համար համապատասխան դասասենյակներ, դրանց կահավորման համար ձեռք է բերվել շախմատի գույքի 15444 լրակազմ (1 սեղան եւ 2 աթոռ)՝ 386.100 հազար դրամ արժողությամբ, «Շախմատ», «Շախմատ-2» դասագիրք, «Ուսուցչի ձեռնարկ-2», «Շախմատի դասավանդման հոգեբանական ձեռնարկ-2», ցուցադրական տախտակ, շախմատի աշխատանքային տետր եւ այլն: Ինչպես տեսնում ենք, նախարարությունը խիստ ծանրաբեռնված է եղել նման աշխատատար ու ծախսատար գործով:
Բայց այդ նույն հաշվետվության համապատասխան հատվածում նախարարությունը կարծես մոռանում է հստակեցնել, թե ինչպես են ձեռք բերել կահույքը, որ կազմակերպության միջոցով (աճուրդով կամ լիցենզիայով, հանձնարարականով եւ այլն): Նկատենք, որ խոսքը բավական մեծ գումարի մասին է, որի ծախսման նպատակները եւ ուղղությունները պետք է հստակ արձանագրված լինեն պետական այս գերատեսչության զեկույցում: Ի վերջո, արդյոք նման ահռելի ծախսեր կատարելուց առաջ նախարարությունը հաշվարկել է դրանց նպատակահարմարությունը: Այն դեպքում, երբ  մարզերում բազմաթիվ դպրոցներ կան, որոնք վերանորոգման ու ջեռուցման հրատապ խնդիրների առաջ են կանգնած, նախարարությունը հսկայական միջոցներ է հատկացնում մի առարկայի ներդրման համար լոկ այն պատճառով, որ նախարարի հարազատ կուսակցության ղեկավարը համատեղության կարգով երկրի ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Կողմ լինելով շախմատի տարածմանը՝ հարկ է հիշեցնել, որ այս ինտելեկտուալ խաղի հանրայնացման ուղղությամբ վիթխարի ծախսեր կարելի էր կատարել միայն այն դեպքում, եթե հանրապետության բոլոր դպրոցներում հաջողությամբ լուծված լինեին գոնե տարրական խնդիրները:
Հաշվետվության մատուցած նորությունների շարքում առանձնանում է նաեւ ներառական դպրոցների ցանկի թարմացման մասին տեղեկատվությունը, ըստ որի՝ այդպիսի դպրոցների թիվը հասել է 81-ի: Տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Տավուշի մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթության փորձնական ծրագիր: Այս համատեքստում նախարարությունը նախ եւ առաջ պետք է մեկնաբանի, թե ինչ է ենթադրում այս ծրագիրը կամ ինչ ուղղություններ են ներառված դրանում: Վերջապես հարկ է առանձնապես անդրադառնալ ծրագրի շրջանակներում առաջադրված խնդիրներին, դրանց շարժառիթներին ու գերակայություններին: Ինչո՞վ է պայմանավորված հենց Տավուշի մարզի ընտրությունը, ի՞նչ առանձնահատկություններ եւ օրինաչափություններ են հաշվի առնվել:
Նմանօրինակ անհստակություն կա նաեւ տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում հիմնված 5 նեթբուքային դասարանների ստեղծման հարցի շուրջ: Նախ եւ առաջ կարելի էր հիշատակել, թե կոնկրետ որոնք են դրանք, եւ ինչու են ընտրվել հենց այդ հաստատությունները նեթբուքային դասարան հիմնելու համար:
Վերոնշյալ բոլոր հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով էլեկտրոնային նամակով դիմեցինք ՀՀ ԿԳՆ լրատվության ու տեղեկատվության բաժին, որտեղից պատասխանեցին. «Խնդրում եմ հարցումն ուղարկել պաշտոնական գրությամբ»: Նույն խնդրով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով դիմեցինք նախարար Արմեն Աշոտյանին, ումից ցայսօր որեւէ պատասխան չենք ստացել: Ի դեպ, նախարարությունն իր հաշվետվության վերջում հպարտանում է, թե իր աշխատակիցները գրանցվել են սոցիալական ցանցերում (facebook.com): Ըստ երեւույթին, այնքան են տարված «ստատուսներով ու լայքերով», որ կոնկրետ հարցերին պատասխանելու ժամանակ չունեն:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս