Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է մշտական հերթապահություն. նախարարն այցելեց երեխաներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ,  զրուցեց երեխաների ծնողների հետ:

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական  վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:

Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ  անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:

Նախարարը հանձնարարեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում  և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել  նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող  բոլոր պահանջներին:

unnamed (1)

 

unnamed




Լրահոս