Հիասթափված ու հուսահատված մի խումբ կոնդեցիներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք շուրջ 4 տարի է՝ վարձով են ապրում: Իսկ վարձով տան համար նախատեսված վճարները կառուցապատող ընկերությունը ժամանակին չի տալիս: Այս պատճառով վերջին երկու ամսում մահացել է 8 կոնդեցի, իսկ ապրիլին` 6: «Բոլորը սպասումից, հուզմունքից ու բարկությունից մահացան: Սարսափելին այն է, որ տարեցներն են մահանում ու հանկարծակի, չես էլ հասկանում, թե ինչու այդպես եղավ: Ո՛չ հույս կա, ո՛չ վստահություն վաղվա օրվա հանդեպ»,-մեծ ցավով նկատեց Օֆելյա Ավետյանը:
Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածն իրացվել է «Դաունթաուն» կազմակերպության կողմից, իսկ մյուս մասը մնում է Երեւան համայնքի տրամադրության տակ: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են, իսկ Կոնդի մյուս հատվածում` Ռուսթավելու 1 հասցեում, այժմ բնակվում է 89 ընտանիք, որոնց տները դեռ չեն քանդել: Քանդված տների բնակիչները շուրջ 4 տարի է՝ ապրում են վարձով բնակարաններում: Հիմա «Դաունթաուն»-ի իրավահաջորդը «Դեվելոփմենթ սփորթ» ընկերությունն է, որի տնօրենը Գնել Քոչարյանն է:
Մեր խմբագրություն դիմած կոնդեցիները հուսահատված նկատեցին, որ նույնիսկ բնակարանների նախագիծ չկա: «Ոչ մի գործ առաջ չի գնում, նախագիծը դեռ չկա: «Դեվելոփմենթ սփորթ» ընկերության պատասխանատու Գնել Քոչարյանը խոստացել է, որ արդեն 2015թ. մենք տուն կունենանք: Իսկ նախագիծը դեռ պետք է Երեւանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցվի, հետո նոր շինաշխատանքների համար թույլտվություն տրվի: Ախր, բա 4 տարի ի՞նչ էիք անում: Եթե այսօրվա օրով նախագիծը չկա, էլ ի՞նչ սպասենք էս իշխանություններից,-դժգոհեց քաղաքացին` խուսափելով ներկայանալ,-չեմ կարող ներկայանալ, հիմա էլ կասեն` գնում բողոքում ես»:
Իսկ Օֆելյա Ավետյանի երկու որդիները, Հայաստանում թողնելով իրենց անչափահաս երեխաներին, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու նպատակով, քանի որ իրենց ժամանակավոր բնակարանների վարձավճարները կառուցապատող ընկերությունը մեկ ամիս ուշացումով է տալիս:
«Այսինքն՝ մենք հիմա կմտնենք դեկտեմբերի մեջ, բայց դեռ նոյեմբերի վարձավճարը չենք ստացել: Բացի այդ, մեր ընտանիքը երկու մասից է բաղկացած, մինչդեռ ստանում ենք ընդամենը 60 հազար դրամ: Այսօրվա տվյալներով 60 հազարով որտե՞ղ կարող ես վարձով ապրել, ոչ մի տեղ… Որդիներս ստիպված մեկնել են Ռուսաստան՝ աշխատելու: Ի՞նչ անենք, ջանի՛կս, ի՞նչ… Նախկինում ընկերության հետ պայմանավորվել էինք, որ վարձավճարը պետք է տան դոլարով` յուրաքանչյուր ընտանիքին 200 դոլար: Բայց մեզ տալիս են դրամով` 60 հազար դրամ: Լավ գիտենք, որ այսօրվա դոլարի կուրսով 200 դոլարը 80 հազար դրամ է»,-նշեց տիկին Օֆելյան:
Ըստ նրա՝ վերջին անգամ այս տարվա ապրիլին էր, որ հանդիպեցին Սերժ Սարգսյանին, որը խոստացավ զբաղվել կոնդեցիների խնդրով: Ավելի քան վեց ամիս է անցել, բայց ոչինչ արված չէ:
«Շատերս անառողջ ենք դարձել, այնքան մարդ մահացավ այս խնդրի պատճառով: Այս երկու ամսվա մեջ ութ հոգի մահացան, իսկ ապրիլին` 6-ը: Բոլորը սպասումից, հուզմունքից ու բարկությունից մահացան: Սարսափելին այն է, որ տարեցներն են մահանում ու հանկարծակի, չես էլ հասկանում, թե ինչու այդպես եղավ: Ո՛չ հույս կա, ո՛չ վստահություն վաղվա օրվա հանդեպ»,-մեծ ցավով նկատեց տիկին Օֆելյան` հավելելով, որ Սերժ Սարգսյանին կընտրի այն դեպքում, երբ ինչ-որ տեղաշարժ նկատի այս գործում:
Կոնդեցի Կարեն Առաքելյանն էլ անկեղծացավ` ասելով, որ կառուցապատող ընկերությունը զգուշացրել է, որ պատրաստի տուն չպահանջեն. «Հազիվ յոլա ենք գնում ու ծերը ծերին հասցնում: Արդեն լրանում է հինգերորդ տարին, որ ես վարձով եմ ապրում: Ես չորրորդ տունն եմ փոխում, որովհետեւ վարձի վճարի ժամկետը լրանում է, իսկ սեփականատերն էլ գումար է ուզում: Ասում է` գնա՛ փողը բեր, որ թողնեմ ապրես: Այսօր ես մտադրված եմ փող հավաքել, ընտանիքս վերցնել ու Հայաստանը լքել: Իմ պապերը Վանից փախել, եկել են Հայաստան, բայց այսօրվա դրությամբ ես եմ ուզում Հայաստանից փախչել»:
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես երջանիկ կլինեմ, որ 2015-ին այդ մարդիկ տուն ստանան: Բոլոր հարցերը Երեւանի քաղաքապետարանն է լուծում: Նախագիծը համաձայնեցնում է Երեւանի քաղաքապետը, շինթույլտվությունը` նույնպես: Մենք ընդամենը փորձում ենք այդ գործողությունները համակարգել»: Նաեւ նշեց, որ տեղյակ չէ՝ երբ կհաստատվի նախագիծը:
Իսկ «Դեվելոփմենթ սփորթ» ընկերության պատասխանատու Գնել Քոչարյանի խոսքով՝ «Դաունթաուն»-ի կողմից քանդված բնակարանների սեփականատերերին կտրամադրվի կնքված պայմանագրի համապատասխան բնակարանային փոխհատուցում:
ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ