ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ` 30 ԴՐԱՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի` 2007թ. հունիսի 22-ի թիվ 133 որոշմամբ Իջեւանի Անկախության փողոցի 1/41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր տարածքը 99 տարով, տարեկան 45000 դրամ վարձավճարով հատկացվել է Վ. Ներսիսյանի որդուն՝ Նաիրի Ներսիսյանին: Հողամասի տրամադրման նպատակը Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորությամբ գտնվող քաղաքային զբոսայգու լճակի մոտ առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելն է: Դրանից հետո՝ 2007թ. հուլիսի 18-ին, համայնքի ավագանու նիստում Վ. Ներսիսյանը, հայտնելով, որ «Սի-Էյչ-Էֆ» կազմակերպության աջակցությամբ քաղաքային զբոսայգու լճակի եւ դրա շրջակայքի նորոգման ծրագիր է իրականացվում, առաջարկել է որպես համայնքի ներդրում հատկացնել  9 միլիոն դրամ (4 միլիոն դրամը՝ լճակի, 5 միլիոնը՝ դրա շրջակայքի բարեկարգման համար): Ավագանին հաստատել է քաղաքապետի առաջարկը: 2011թ. նոյեմբերի 11-ին Իջեւանի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղալումյանը, իսկ դեկտեմբերի 22-ին Նաիրի Ներսիսյանի եւ Իջեւանի քաղաքապետարանի (լիազորված անձ Արամ Մելիքսեթյանի) միջեւ կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել: Դրա նախօրեին՝ դեկտեմբերի 21-ին, Վ. Ներսիսյանի՝ որպես քաղաքապետի լիազորություններն ավարտվել են: Նույն օրը նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է  անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում եւ հայտնել, որ Վ. Ներսիսյանի լիազորություններն ավարտվել են, եւ վերջինիս կամ նրա լիազորած անձի հետ կնքված պայմանագրերը իրավական ուժ չունեն: Կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումն այդ պատճառով մերժել է հիշյալ հողամասի նկատմամբ իրավունքների գրանցման Նաիրի Ներսիսյանի դիմումը: Վերջինս հասարակական կառուցապատման իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  դեմ հայց  է ներկայացրել վարչական դատարան: 2012թ. նոյեմբերի 6-ին վարչական դատարանը բավարարել է Ն. Ներսիսյանի հայցը` հետեւյալ հիմնավորմամբ. «Համայնքի ղեկավարի պաշտոնատար անձի փոփոխությունն ինքնին չի կարող հանգեցնել նախկին պաշտոնավարող անձի կողմից տրված լիազորագրի գործողության դադարեցմանը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լիազորագրողը (համայնքի ղեկավարը) վերացնի լիազորագիրը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել»: Իջեւանի քաղաքապետ Վ. Ղալումյանն ասաց, որ համայնքի բյուջեից 9 միլիոն դրամ է ներդրվել այդ տարածքի բարեկարգման համար, սակայն դրանից հետո կնքված պայմանագրով քաղաքի կենտրոնում գտնվող 1500 քմ տարածքի տարեկան վարձավճարը նույնն է մնացել՝ 45000 դրամ, ասել է թե` քառակուսի մետրի համար տարեկան ընդամենը 30 դրամ: Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեց, որ եթե անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չբողոքարկի այս վճռի դեմ, քաղաքապետարանն է վճռաբեկ բողոք ներկայացնելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս