Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին: Դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր: Հետագայում ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, հայտնեցին, որ 19-ամյա զինծառայողի սպանության դրդապատճառը զորամասի ներսում առաջացած անհամաձայնություններն ու անձնական հակակրանքներն են եղել:
Իհարկե, ռազմաբազայում տիրող անհաշտությունների մասին լուրերը նոր չէ, որ ի հայտ եկան, սակայն ղեկավար անձնակազմի փոփոխություններից հետո կարելի էր ենթադրել, որ գոնե հունվարի 12-ի ոճրագործությունից հետո ըստ արժանվույն կարգ ու կանոն կհաստատվի:
Եվ այստեղ հարց է առաջանում` միմյանց միջև անձնական տարաձայնություններ ունեցող զինծառայողներն ինչպե՞ս են «հաջողացրել» նույն ժամին դուրս գալ զորամասից, ինչի հետևանքը ողբերգական եղավ: Armlur.am-ի հարցին` ունեցե՞լ են զինծառայողները համապատասխան թույլտվություն զորամասից դուրս գալու համար, ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Պոլիխոյ Ալեքսեյ Վասիլևիչը հայտնեց, որ ինքն այս պահին այդ տեղեկությանը չի տիրապետում. «Հստակ չեմ կարող ասել` ինչ տարաձայնությունների մասին է խոսվում լրատվամիջոցներում, եթե իհարկե նման բան եղել է: Ինչ վերաբերում է թույլտվություն ունենալուն, ապա պետք է նշեմ, որ ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանելու»:
Փորձեցինք հասկանալ` ինչպիսին է զորամասի ներքին կանոնադրությունը կարճատև արձակուրդների մասով` մասնավորապես երկուշաբթի օրերի համար նախատեսված, սակայն մեր զրուցակիցը ակնհայտորեն խուսափեց պատասխանից` նշելով, որ ինքը խիստ զբաղված է և չի կարող այլ հարցերի պատասխանել:
Ուստի ստիպված ենք կրկին հղում կատարել ռուսական լրատվամիջոցներին, որոնք հայտնում են, որ Իվան Նովիկովի և նրա սպանության մեջ կասկածվող մեկուկես տարվա պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիևի հարաբերություններն ի սկզբանե հարթ չեն ընթացել: Նույն աղբյուրների փոխանցմամբ, սպանությունը «դեդովշչինայի» պատճառով է եղել: Այսինքն` համեմատաբար երկար ժամանակ ծառայություն իրականացրած զինծառայողները չեն կարողացել հանդուրժել նորակոչիկի անհնազանդություններն ու «բարձր դիրքերում» հայտնվելու ցանկությունները, ուստի խնդիրները պետք է պարզաբանվեին «տղայական ռազբորկայի» միջոցով:
Կասկածից վեր է, որ երկու կողմի ծառայակիցներն էլ իմացել են տարաձայնությունների մասին, իսկ սա թույլ է տալիս ենթադրել, որ զորամասի «վերևներում» ևս կարող էին ինչ-որ չափով իրազեկված լինել: Այդ դեպքում քիչ հավանական է, որ միջադեպի մասնակից երեք զինծառայողներն էլ ունեցել են զորամասից դուրս գալու համապատասխան թույլտվությունը:
Իսկ թե ինչպես է ստացվում, որ 102-րդ ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց դեպքերը տեղի են ունենում Գյումրի քաղաքում, բայց զորամասից դուրս, բազում հարցերի տեղիք է տալիս:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ գործող կարգի համաձայն, ռուսական կողմը գրավոր դիմել է հայ իրավապահներին` գործի նյութերը և քննությունն իրականացնելու թույլտվությունը հանձնել իրենց: