ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 17-ին, հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ: Առաջնագիծ կատարած այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ներկա հրամկազմին, մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ, տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: