Ինչու էր հայրը կացնով սպանել ու ավտոտնակում թաղել որդուն. նոր մանրամասներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 25-ին Շենգավիթում ողբերգություն էր տեղի ունեցել. 75-ամյա հայրը սպանել էր 47-ամյա որդուն, իսկ դիակը թաղել ավտոտնակում: Եվ ահա, գործն արդեն դատարանում է. այն մակագրվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրական եզրակացության՝ Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է 47-ամյա որդու` Գերման Ոսկանյանի հետ: Ապա ավտոտնակից վերցրել է կացինը և դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին և սպանել:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կարապետ Ոսկանյանը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Ոսկանյանների հարևանները հայտնել էին, որ այս ընտանիքում տարաձայնությունները հաճախակի են եղել: Իսկ դրանք, ըստ հարևանների, հիմնականում ծագել են այն պատճառով, որ Գերման Ոսկանյանն ամուսնացել էր ոչ այն կնոջ հետ, ում ծնողներն էին խորհուրդ տվել: Եվ այս անհաշտություններն ընտանիքում եղել են մոտ 20 տարի: Նշենք, որ դեպքի ժամանակ Գերմանի որդին ծառայում էր բանակում:

Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որ որդուն սպանած հայրը պատմում է դեպքի մանրամասները:




Լրահոս