ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով, չունեմ սահմանված աշխատանքային ժամ, երբեմն ստիպված եմ լինում աշխատել հանգստյան օրերին եւ գիշերային ժամերին: Խնդրում եմ ասել՝ արդյոք կա արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի  սահմանված տեւողություն, եւ ինչպես է կատարվում վարձատրությունը:

Կարինե Դանիելյան (28 տարեկան, խանութի մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից՝ ներառյալ հանգստի եւ սնվելու ժամանակահատվածը, իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող 2 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի 50%-ից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30%-ի չափով:
Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակային օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքային ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրն ավելացվում է ամենամյա արձակուրդին:

ՀՀ աշխատանքի պետական տեսչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 
Այս առումով  երկրում ամենաանպաշտպանը մասնավոր հիմնարկում աշխատողն է, որը, ներկայիս  գործազրկության պայմաններում աշխատանք գտնելով, հետաքրքրվում է միայն փողի մասին՝ մոռանալով աշխատանքային պայմանագիր կնքելու եւ իր այլ իրավունքների մասին: Իսկ սա բնորոշ է ոչ թե ժողովրդավարական, այլ ճորտատիրական հասարակարգին:




Լրահոս