Ինչու զինծառայողների` արտերկրում բուժման մասին նախագիծը չի տարածվում բոլորի վրա. պարզաբանում են օրենքի հեղինակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ առաջին, իսկ այսօր` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծով ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաև ճանապարհածախսի և կեցության համար գումար հատկացնելու կարգը և պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաև զինվորին ուղեկցող անձի ճանապարհի և կեցության ծախսերը:

Հավելենք, որ խոսքը վերաբերում է մարտական հերթապահության իրականացման ընթացքում և առաջնագծում վիրավորում ստացած զինծառայողների բուժմանը: Նախագծի քննարկման օրերին պատգամավորները հիմնականում դրական էին արտահայտվում նախագծի մասին և կարևորում այն: Հիմնական մտահոգությունը միայն այնն էր, որ այս օրենքը չի տարածվում ծառայության ընթացքում վիրավորված և արտերկրում բուժման կարիք ունեցող բոլոր զինվորների վրա:

Այս առնչությամբ այսօր խորհրդարանում իր մտահոգությունն էր հայտնել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով, այդպես էլ հիմնավորումներ չեն ներկայացվել, թե ինչու են մերժել բոլոր զինծառայողների համարարտոնություններ սահմանելու մասին դրույթը: «Ի՞նչ է նշանակում, թե մենք հնարավորություն չունենք ապահովել բոլոր զինվորների` արտերկրում բուժում ստանալը, եթե իսկապես հնարավոր չէ այդ բուժումը կազմակերպել Հայաստանում: Մեր բոլոր զինվորները, նրանց ծնողները պետք է վստահ լինեն, որ անկախ նրանից, թե ծառայությունը որտեղ են իրականացնում` առաջնագծում, մարտական հերթապահության ժամանակ, թե այլ իրավիճակներում, նրանք պետք է վստահ լինեն, որ պետությունը երաշխավորում է նման օգնություն»,- ասաց Նահապետյանը: Նշենք, որ ՀՀԿ-ականի ելույթը կարծես թե դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, և նա արձագանքեց, թե սեփական ցանկությունները պետք չէ միշտ պարտադրել: «Եթե այդքան կարևոր է` ձեր հանձնաժողովում քննարկեիք», – հայտարարեց ԱԺ նախագահը:

Նախագծի առնչությամբ և մասնավորապես պատգամավորների մտահոգությունների մասին Armlur.am-ը զրուցեց հեղինակներ Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, թե նախագծի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ի հայտ եկավ  Գևորգ Եղիազարյանի դեպքը, ով արտերկրում բուժման կարիք ուներ: Պատգամավորը նշեց, որ օրենսդրորեն սահմանված չէր այնպիսի դրույթ, որ Հայաստանում բուժումը հնարավոր չլինելու դեպքում այն կատարվի արտերկրում:

«Եվ դրա արդյունքում ծագեց գաղափարը: Նախագիծը ներկայացվել է հենց այդ գաղափարով, որ բոլորի վրա տարածվի: Սակայն կառավարության հետ քննարկումներից հետո սա է արժանացել վերջնական հավանության: Իսկ այս ձևակերպումը լուծում է մարտական հերթապահության և առաջնագծում ծառայողների խնդիրը», – ընդգծեց նա: Պատգամավորի խոսքով, այս պահին ավելի ճիշտ էր քայլ անել այս ձևով, այլ ոչ թե ընդհանրապես ոչինչ չանել: «Այսպես մեսսիջ ենք ուղարկում միջազգային հանրությանը, որ մենք մեր սահմանագծում կանգնած զինվորի թիկունքին ենք ամեն իրավիճակում», – հավելեց Մարուքյանը և նշեց, թե պատրաստ են հետագա քննարկումների: Պատգամավորը ընդգծեց, թե որևէ հանձնաժողովի կողմից քննարկումներ կազմակերպելու առաջարկ իրենք չեն ստացել և հավելեց, որ բոլոր դեպքերում պատրաստ են քննարկումների:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում ասաց, թե բոլորից միայն դրական արձագանքներ են ստացել նախագծի մասին: «Բայց երբ որ ցանկացած դրականի մասին խոսելիս ստորակետ ես դնում և ասում ես «բայց» ու շարադրում ես մի բան, որը տվյալ պայմաններում, այս պահի դրությամբ հնարավոր չէ լուծել, կարծես տպավորություն  է ստեղծվում, որ ստվերվում է նախագծի հիմնական ասելիքը», – նշեց Հովհաննիսյանը: Պատգամավորի խոսքով, պատերազմող երկրի համար նման նախագծերը կարևոր են և չափազանց զգույշ է պետք լինել:

«Ծիծաղելի է անգամ կարծել, որ նախագծի հեղինակները կարող էին դեմ լինել, որ այն տարածվի բոլոր զինծառայողների վրա: Այս պահի դրությամբ մենք բոլոր զինծառայողների համար անխտիր ունենք մեր երկրի պայմաններում լավագույն բուժօգնություն կազմակերպելու հնարավորություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարտական հերթապահությունն ու առաջնագծում ծառայելն այնքան կարևոր ե,ն և նրանք այնպիսի մարդիկ են, որ ամեն օր առերեսվում են մահվան հետ: Դրա համար մենք գնահատանքի տուրք ենք մատուցում հենց նման զինծառայողներին», – հավելեց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ օրենքի վերաբերյալ խորհրդարանում ելույթ էր ունեցել նաև ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նշեց, թե զարմացած է, որ նման կարևոր և լավ օրենքը քննարկում են ժամերով: «Ուզում եմ ասեմ` եկեք ստեղ «տրագեդիա» չսարքենք և թույլ տանք այս օրենքը ընդունվի, որովհետև շատ լավ օրենք է: Իսկ եթե դուք ուզում եք հարցը սկզբունքային լուծենք և բոլորի համար լուծենք,  առաջարկում եմ` եկեք վերանայենք «Զինծառայողներին և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի նախագիծը»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Հավելենք, որ Ազգային ժողովում առկա է ընթացակարգ, ըստ որի` օրինագծերը մակագրվում են որևէ հանձնաժողովի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով, նախագծի սոցիալական բնույթը, այն մակագրվել է խորհրդարանի սոցիալական հարցերով, այլ ոչ թե պաշտպանության հարցերով հանձնաժողով:




Լրահոս