ՀԷՑ-ի գործընկերները սկսում են նրա «հուղարկավորության» արարողությունը. իշխանությունները փակուղու առաջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր` բարձրացված սակագները: Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Վերջին մեկամսյա քննարկումները ցույց տվեցին, որ ոլորտը վերջին առնվազն 10 տարիներին կատարյալ անտերության է մատնված եղել, եւ այդտեղ միայն մի սկզբունք է գործել` ալան-թալան:

Այսպիսով, ինչ պարզվեց այս քննարկումների ընթացքում. ՀԷՑ-ում տիրող ալան-թալանի արդյունքում այդ ընկերությունը կուտակել է 107 միլիարդ դրամի, կամ նույն է թե՝ 220 միլիոն դոլարի պարտքեր: Այդ պարտքերը ընկերության ակտիվներից շատ ավելին են, այսինքն՝ բավական է պարտատերերը պահանջեն իրենց գումարները, եւ ՀԷՑ-ը պետք է սնանկ ճանաչվի:

Պարզվեց նաեւ, որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, կամ այլ կերպ ասած՝ ռուսական կողմը, չի ցանկանում ինքը փոխհատուցել իր կողմից նշանակված ՀԷՑ տնօրինության խայտառակ գործունեության համար: ՀԷՑ-ի հետ կապված պատմության մեջ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դիրքորոշումն առաջին հայացքից անհասկանալի է, քանի որ ՀԷՑ-ի կրած վնասների արդյունքում սեփականատիրոջ շահաբաժինները պակասել են: Ասել է թե՝ ՀԷՑ-ից գումարների անհետացումը նույն է, թե ինչ-որ մեկը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից է գողացել: Սակայն ռուսական կողմին այդ հանգամանքը կարծես թե չի հետաքրքրում, կարելի է կարծել, որ նրանց շատ լավ հայտնի է, թե ուր են գնացել ՀԷՑ-ի գումարները:

Պարզվեց նաեւ, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալու համար ՀՀ Կառավարությունը պետք է փոխհատուցի ՀԷՑ-ի պարտքերից 24 միլիարդ դրամը, քանի որ համարում են, որ այդ գումարը գոյացել է «Հայաստանի ատոմային կայանի» 2013 թվականի վերալիցքավորման ժամանակ նախատեսվածից ավելի երկար կանգնելու արդյունքում: Իսկ ՀԷՑ-ի մնացած պարտքի ճակատագիրը մնում է անորոշ: Այսինքն՝ եթե մեկ տարի հետո, երբ այդ 24 միլիարդ դրամն արդեն մարված կլինի, ասենք՝ տեսականորեն, ՀԾԿ հանձնաժողովը որոշի վերադառնալ այս պահին գործող սակագներին, ապա անհասկանալի է, թե ՀԷՑ-ը ինչպես է մարելու մնացած մոտ 80 մլրդ դրամի պարտքերը:

Այսպիսով, ակնհայտ դարձավ նաեւ, որ ՀԷՑ-ի տնօրինությունը լիարժեք ազատ է իր գործողություններում, եւ, ասենք, մեկ տարի անց, կարող է պարզվել, որ ընկերության պարտքերը, ոչ միայն չեն պակասել, այլ նաեւ ավելացել են, իսկ սակագնի բարձրացումն էլ իզուր էր, քանի որ ընդամենը ավելի շատ գումար թալանելու հնարավորություն է տվել: ՀՀ պատկան մարմիններից եւ պաշտոնյաներից ոչ մեկը մինչ օրս չի հայտարարել, որ ինքը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ ՀԷՑ-ին թույլ չտա շարունակել Հայաստանի սպառողներին թալանել:

Իսկ ընդամենը երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀԷՑ-ից վաղաժամ հետ է պահանջում 45 միլիոն դոլարի վարկը, որը ընկերությանը տրամադրվել է դեռեւս 2009 թվականին: ՎԶԵԲ-ը դիմել է միջազգային արբիտրաժ եւ եթե հաջողության հասնի, ապա ՀԷՑ-ը կարող է սնանկ ճանաչվել, կամ էլ ընկերությունը ստիպված պետք է լինի մեկ ուրիշ տեղից այդ գումարը հայթայթել, ինչն այս դեպքում գրեթե անհնար է: Մի խոսքով, մինչեւ ՀՀ Կառավարությունը փորձում է արհեստական միջոցներով վերակենդանացնել ՀԷՑ-ին, այս ընկերության գործընկերներն, ի դեմս ՎԶԵԲ-ի, սկսում են նրա «հուղարկավորության» արարողությունը:

Իշխանությունների բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաեւ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը, էլէներգիայի սակագնի բարձրացում թուլ չտալու համար հիմնականում մեկ պայման էին առաջ քաշում, ասում էին՝ որտեղից վերցնենք 24 միլիարդ դրամ եւ տանք ՀԷՑ-ին: Մյուս կողմից՝ այլեւս ակնհայտ է, որ ՀԷՑ-ը համաձայն չէ ՀԾԿ հանձնաժողովի առաջարկած տարբերակին, ըստ որի, էլէներգիան 6,93 դրամով պետք է թանկանա, եւ 1 կՎտ/ժ-ը դառնա 48,78 դրամ, գործող 41,85-ի փոխարեն: Այդ մասին է վկայում ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Այսինքն՝ այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են կանգնած: Նրանք կա՛մ պետք է կապիտուլացիա հայտարարեն եւ անեն այն ամենը, ինչը ՀԷՑ-ն է պահանջում, կա՛մ էլ պիտի սկսեն այդ ընկերության սնանկության գործընթացը: Այլ տարբերակ գոյություն չունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս