«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հավակնոտ նկրտումների, կուսակցություն ու քաղաքական բլոկ հիմնելու եւ առաջիկա պառլամենտում մեծամասնություն ունենալու ախորժակի մասին մենք արդեն գրել ենք։ Օրեր առաջ նա Երեւան էր ժամանել՝ մասնակցելու քրոջ որդու հարսանիքին եւ հընթացս քննարկումներ է ունեցել որոշ անձանց հետ։ Մենք մասնավորապես գրել էինք, որ հայաստանյան կուսակցությունը նա պատրաստվում է ձեւավորել Համաշխարհային հայկական կոնգրեսում իր երկարամյա տեղակալ Արամ Գասպարի Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հենքի վրա։ Այդ կուսակցությանը մասնակցություն է ունենալու նաեւ խնամի Ստեփան Դեմիրճյանը (Աբրահամյանի քրոջ որդին ամուսնացած է Ս․ Դեմիրճյանի դստեր հետ)։
Քաղաքական կուլիսներում բուռն քննարկումներ են գնում, թե ինչ շանսեր ունի Արա Արշավիրովիչը, եւ նրա ծրագրերին ինչպես կվերաբերվի Սերժ Սարգսյանը, իսկ այն շրջանակները, որոնք Աբրահամյանի պլաններով պետք է ընդգրկվեն իր ծրագրում, համառորեն հերքում են լուրերը։ Չի բացառվում, որ վերջիններս անհանգստացած են իշխանության վերաբերմունքով եւ կարծում են, որ վաղաժամ լուրերը վնասում են այս ծրագրերին։
Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի խիստ վրդովմունքը չափ ու սահման չուներ, երբ հարցրինք այս ծրագրի մասին։ Նրա զայրույթին ի պատասխան, հարցրինք՝ ուզում եք ասել, որ ոչ մի պլան էլ չկա՞, Արա Աբրահամյանը նման ծրագրեր չունի՞, եւ ՀԴԿ-ն էլ առաջիկայում չի՞ ներգրավվի այդ պրոցեսներին։ «Եթե չկա որեւէ մի պաշտոնական հայտարարություն, որեւէ մի գործողություն այդ մասին, մարդը մի օրով եկել է իր քրոջ տղայի հարսանիքին, մյուս օրը մեկնել Փարիզ, դուք ինչ-որ ծրագրեր եք տեսել»։ Հարցապնդումները շարունակեցինք, Արամ Սարգսյանը մի քիչ զիջեց դիրքերը․ «Ասենք թե պլաններ ունենք, հետո՞, հարցրեք իրեն»։ Իսկ Ձեզ հետ չի՞ կիսվել։ Արամ Սարգսյանն ասաց․ «Արա Աբրահամյանի ողջ գործունեությունը կապված է Հայաստանի հետ, նա Ռուսաստանի հայերի միության նախագահն է, այս տարիների իր գործունեությունը վերցրեք շարադրեք՝ ինչ է արել, ինչ ծրագրեր է իրականացրել, ինչքան բարեգործություն է արել, կիսագրագետ թատերագետ ա, ես ինչ գիտեմ ինչ ա․ կարող է մեկն իրավունք ունենա գրել, դուք էլ տարածեք, էս ամեն ինչը, ախր, լուրջ չի, էլի»։ Իսկ Ստեփան Դեմիրճյանն ասաց․ «Արա Աբրահամյանի ծրագրերը պետք է ճշտեք Արա Աբրահամյանից, ինչ վերաբերում է ՀԺԿ-ի մասով, ապա դա սուտ է»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: