ՀԺ. Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ը երեկ տեղեկություն ստացավ, որ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի և իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում:
Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետևանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերևս, պարզ կդառնա առաջիկայում:
Բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը “ՀԺ” թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման քաղաքական որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Պարոն Առաքելյանը հույս է հայտնել, որ խնդիրը կապված է ընդամենը կշեռքի ճշգրտության հետ, և այդ հարցն արագ կլուծվի:




Լրահոս