Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է ընդունելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որը տարածաշրջանում բնույթով միակն է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստելու առաքելությամբ, հունիսի 1-ից մեկնարկել է ընդունելության քննությունների դիմում-հայտերի ընդունումը:

Կարևոր եմ համարում տեղեկացնել դիմորդներին, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով Ակադեմիայի բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն առաջնահերթ անցնում են աշխատանքի նախարարության ստորաբաժանումներում:

Փրկարարի առաքելությունը ծանր և պատվաբեր գործ է: Փրկարարի կապույտ դրոշը խաղաղ երկնքի խորհրդանիշն է՝ հուսո և վստահության առագաստ: Փրկարարի գործը գեղեցիկ մասնագիտություն է հոգով ուժեղների համար, զինվորական կամքի և ուժի, գիտելիքի հիմքի վրա բարձրացող մասնագիտություն:

Մենք ուզում ենք, որ մեզ մոտ սովորեն նրանք, ովքեր ազնիվ են ու անձնվեր, սիրում են կյանքը և հանուն դրա պատրաստ են արարքի ու խիզախումի, ովքեր ձգտում են և պատրաստ են հաղթահարել նույնիսկ անհաղթահարելին:

Մենք ուզում ենք, որ մեզ մոտ սովորեն նրանք, ովքեր իրենց շրջապատում արդեն իսկ փայլում են օրինակելի վարքով ու բարքով, անբասիր կենցաղավարությամբ, այսինքն՝ փրկարար դառնալու գերազանց նախադրյալներ ունեն:

Ակադեմիան փրկարարների ուսումնական դարբնոցն է, մեր շրջանավարտներն են այսօր հսկում ու պահպանում մեր անդորրը, նրանք են Երկրի պաշտպանական երկրորդ գծի պարեկները:




Լրահոս