Նախօրեին ԱԺ ՀՅԴ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցության անդամները հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ կրկին քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այն փակ քննարկում է եղել, որի ընթացքում հստակեցվել է, թե առաջիկայում նշված կուսակցություններն ինչպես են իրենց դրսեւորելու: Նշվում է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ հանդիպման է հրավիրել այն կուսակցություններին, որոնք առաջիկայում պետք է թեւ ու թիկունք կանգնեն իրենց Սահմանադրության բարեփոխման հարցում:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ քննարկումը ծավալվել է նշված հարցի շուրջ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ դա փակ քննարկում է եղել, ինչի համար որեւէ տեղեկություն չի հայտնելու՝ հավելելով, թե սահմանադրական բարեփոխումների հետ կապված իրենք իրենց տեսակետը պնդել են:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որը եւս ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների ներկա ընթացքը:
-Պարո՛ն Մինասյան, նշվում է, որ հանձնաժողովը քննարկում է կառավարման երկու մոդել՝ կիսանախագահական եւ խորհրդարանական, ի վերջո, Ձեզ հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պարզաբանե՞լ է այդ հարցը՝ ո՞ր մոդելին է գնալու:
-Նման բան չկա ու չի կարող նման բան լինել, հայեցակարգում հաստատված է մեկ մոդել՝ խորհրդարանական կառավարման մոդելը, ո՞նց կարող է նույն մասնագիտական հանձնաժողովը երկու մոդել առաջարկել, դա տրամաբանությունից դուրս է:
-Ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ:
-Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը եւ հնարավոր ժամկետները, թե առաջիկայում երբ կհրապարակվի առաջին գլուխների տեքստը, որպեսզի սկսվեն քննարկումները: Շատ ինտենսիվ է աշխատանքը կատարվել, ու առաջիկայում կհրապարակվի տեքստը, բոլոր նաեւ այն հարցերի մասով, որոնք մտահոգությունների առարկա են եղել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրապետության նախագահի կողմից:
-Մասնագիտական հանձնաժողովը ընդունե՞լ է ՀՅԴ-ի առաջարկությունները, վերջին ժամանակահատվածում ՀՅԴ-ն հաճախ է Սերժ Սարգսյանի ու հանձնաժողովի անդամի հետ հանդիպումներ ունենում: Ինչո՞ւ
-Առաջարկությունները, ըստ մեր քննարկումների, հաշվի առնված են, սակայն դրանք ինչ ձեւակերպումներով տեղ կգտնեն տեքստում, պարզ չէ: Մեր հանդիպման հիմնական նպատակը մեր առաջարկների իրացումն է, իսկ բազմաթիվ կուսակցություններ վերը նշված հարցի հետ կապված առաջարկություններ ներկայացրել են, ու հանձնաժողովը շատ մանրամասն քննել է դրանք: Սակայն դրա մասին բոլոր պատասխանները կհնչեն, երբ տեքստը կհրապարակվի: Իսկ ինչ վերաբերում է մեր առանձին հանդիպումներին, ապա մեր գլխավոր նպատակը սահմանադրական փոփոխություններով մեր առաջարկությունների իրացումն է, ու մենք չենք էլ թաքցրել, որ մենք միշտ էլ հանդիպում ենք թե՛ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ, որպեսզի այդ դրույթներն իրացվեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ