Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը սակագինը բարձրացրել է օրենքի կոպտագույն խախտումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատեր սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնող որոշումը, ի սկզբանե հայտնի էր եւ կասկածի տեղիք չէր տալիս: Այսինքն՝ դեռ մեկ ամիս առաջ էլ էր պարզ, որ օրը գալու է, եւ ՀԾԿՀ-ն նիստ է հրավիրելու, ու անկախ նրանից, թե ով ինչ կասի, հանձնաժողովի հինգ անդամները՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ձեռքները բարձրացնելու են եւ կողմ քվեարկեն ու հաստատեն սակագնի բարձրացման որոշումը: Սակայն դժվար էր կանխատեսել, որ ՀԾԿՀ-ն այդ կանի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը կոպիտ խախտելով, քանի որ կարող էր նաեւ նման խախտում թույլ չտալ:

Այսպես, ՀԾԿՀ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չորսն էին, որոնցից առաջին երկուսը վերաբերում էին «Որոտանի ՀԷԿ»-ին, հարցերից մեկը հոսանք արտադրող կայանների կողմից առաքվող էլէներգիայի սակագները հաստատելու մասին էր, իսկ վերջին չորրորդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր բարձրացված սակագները սահմանելու մասին նախագիծն էր:

ՀԾԿ հանձնաժողովը առաջին երկու նախագծերը քննարկեց եւ մեկ ընդհանուր քվեարկությամբ ընդունեց, եւս մեկ ընդհանուր քվեարկությամբ էլ ընդունվեցին մյուս երկու որոշումների նախագծերը: Սա «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Բանն այն է, որ նշված օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ նախագահի տեղակալը… Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ»: «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ դրույթ, որը ՀԾԿ հանձնաժողովին իրավունք է տալիս մեկ քվեարկությամբ երկու որոշում ընդունել: ՀԾԿ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, որը ներկայացրեց վերջին երկու նախագծերը եւ դրանից հետո դրանք մեկ քվեարկությամբ հաստատվեցին, մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրություն ունեցող հարցերը միանգամից ներկայացնելու եւ մեկ քվեարկությամբ ընդունելու կարգը սահմանված է հանձնաժողովի նիստերի վարման ինչ-որ կարգով: Բայց խնդիրն այն է, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ դրույթ, որը ՀԾԿ հանձնաժողովին իրավունք է տալիս ինքնուրույն որոշել, թե որոշումներն ինչպես պետք է կայացվեն:

Իհարկե, կարող է հարց ծագել, թե ինչու հանձնաժողովը այդպես վարվեց, ինչ դժվար էր հարցերը առանձին-առանձին հրապարակելն ու քվեարկությամբ հաստատելը, ընդամենը երկու անգամվա փոխարեն չորս անգամ պետք է ձեռքները վերը բարձրացնեին: Պարզապես, Ռոբերտ Նազարյանը եւ նրա ղեկավարած հանձնաժողովի անդամները այդպիսով ընդամենը ցանկանում էին, որքան հնարավոր է՝ շուտ ավարտել իրենց նվաստացնող այդ գործընթացը: Նախ՝ ինչպես դեռեւս երեկ առավոտյան էր պարզվել, ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէր բարեհաճել ժամանել նիստին եւ տեղեկացրել էր, որ իր պաշտոնական տեսակետը նախորդ օրը Ռոբերտ Նազարյանին ուղարկված նամակն է, որը «Ժողովուրդ»-ն ամբողջությամբ հրապարակել է իր երեկվա համարում: Դրսում հավաքված ակտիվիստներն էլ մյուս կողմից էին անդադար ամոթանք տալիս:

Ներսում էլ երբեմն շունը տիրոջը չէր ճանաչում, քանի որ նիստին ներկա էր մի տիկին, որը պարբերաբար լրագրողների հետ պատերազմի էր բռնվում այն բանի համար, որ իրեն լուրջ չեն վերաբերվում եւ քաղաքական գործիչ չեն համարում (խոսքը կուսության դեմ անհաշտ պայքար ծավալող, վերջերս ամուսնացած մի կուսակցապետուհու մասին է): Այս ամենի հետ մեկտեղ լրագրողներն էլ անդադար տեսա եւ լուսանկարում էին: Իսկ Ռոբերտ Նազարյանը մամուլում տպագրվող իր լուսանկարների հանդեպ շատ զգայուն է: Նա ավելի շատ ոչ թե հրապարակումների տեքստերից է նեղվում, այլ իր, այսպես կոչված, «վատ» լուսանկարները տպագրելուց:

Կարող է հարց ծագել՝ իսկ ի՞նչ նոր փաստ կամ հանգամանք ի հայտ եկավ նիստի ժամանակ հնչած հարցադրումների եւ ելույթների արդյունքում: Իսկ նորությունն այն էր, որ ՀԾԿՀ նիստի արդյունքում այլեւս արձանագրվեց, որ ՀԷՑ-ն այլեւս ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է վարվել Հայաստանի էներգահամակարգի հետ: Բանն այն է, որ նիստի ընթացքում հրապարակվեց «Ժողովուրդ»-ի երեկվա համարում տպագրված Բիբինի նամակը Ռոբերտ Նազարյանին, որով ՀԷՑ-ի ղեկավարը սպառնացել էր էլեկտրամատակարարումը նորմալ չիրականացնել, եթե հոսանքի գինը իրենց պահանջած 17 դրամի չափով չթանկանա: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն հաստատեց, որ նման գրություն է ստացել, բայց դրան որեւէ իրավական գնահատական չտվեց: Ուստի ստացվում է, որ առաջիկայում ՀԷՑ-ը ինչ ասես կարող է անել, եւ երբ նրանցից հաշիվ պահանջեն, կարող են ասել. «Բա մենք ձեզ չէինք զգուշացրել»: Մի խոսքով, ակնհայտ է մեկ բան՝ ՀԾԿ հանձնաժողովի եւ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունների անողնաշարության եւ ՀԷՑ-ի հանդեպ տածած վախի արդյունքում այսուհետ թանկ հոսանք սպառելուց բացի՝ նաեւ կարող ենք վատ էներգամատակարարում ունենալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս