Սպասարկում եք բենզին ներկրող մարդկանց շահերը. Արծվիկ Մինասյանը` Վախթանգ Միրումյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:  Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է բարձրացնել ծխախոտի, օղու և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը:

«Չգիտեմ` ինչո՞ւ եք այս բեռը վերցրել Ձեզ վրա, կամ ինչո՞ւ են այս բեռը գցել Ձեզ վրա, պարո´ն Միրումյան, որովհետև սա ակնհայտ հակատնտեսական, մեր տնտեսությանը հակադրվող նախաձեռնություն է», – իր խոսքն ուղղելով հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին` այս մասին նշեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց նաև, որ այս նախագծով ի ցույց է դրվում, որ սպասարկվում են բենզին ներկրող մարդկանց շահերը: «Ինքներդ ձեզ մեղադրանք եք ներկայացնում առ այն, որ սպասարկում եք բենզին ներկրող մարդկանց շահերը: Դուք խրախուսում եք բենզինի, դիզվառելիքի իրացումը: Եթե փորձում եք ներկայացնել բոլոր ուղղությունները, այդ դեպքում որտե՞ղ է գարեջուրը: Գարեջուրը քի՞չ է, թե մեր ռազմավարական ոլորտներից է: Այս նախագիծը չի կարող այստեղ նույնիսկ քննարկման առարկա լինել, որովհետև բացասական սպասումներն են խթանվում», – հավելեց Մինասյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս նախագիծը չի կարող խրախուսել բենզինի ներկրումը, որովհետև ակնհայտ է, որ վարորդներն ավելի շատ գազով են մեքենա վարում, քան բենզինով: «Գարեջրի հետ կապված` մեր դրույքաչափն ավելի բարձր է: Միջին դրույքաչափը 86 դրամ է ԵՏՄ-ում, իսկ մեզ մոտ` 105 դրամ»,- նշեց նա:




Լրահոս