Խորհրդարանում շարունակվում է «Ակցիզային հարկի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Նշենք, որ փոփոխությամբ առաջարկվում է բարձրացնել օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այժմյան դրույքաչափերը չեն համապատասխանում ԵՏՄ երկրների դրույքաչափերին:
Այս հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանը, ով նշեց, թե ինդեքսավորումը պետք է սկսել կենսաթոշակներից և աշխատավարձերից, քանի որ ինդեքսավորման նպատակը հասարակության սոցիալական մակարդակի կենցաղը պահելն է։
«Այստեղ պատգամավորներ կան, ովքեր պատգամավոր են նախորդ դարից և շատ լավ գիտեն, թե նման նախագծերը վարչապետի մոտ ոնց են անցնում, էլ չասեմ, իսկ սա այդ «փռշտացող» նախագծերից է։ Հիմնավորեմ ասածս՝ հլը դեռ էլեկտրաէներգիայի գինը չթանկացած, հլը դեռ չասված, թե մենք աղքատության ի՞նչ մակարդակ ունեք, և կառավարությունը փոխհատուցում տա, որ այդ շեմը չավելանա, հիմա էլ բերում ենք սոցիալական ամենանեղ շերտի համար գներ ենք բարձրացնում. սա չի կարելի»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով, այս նախագիծը հղի է վտանգներով: « Ես չգիտեմ` ոնց եք հաշվարկել, բայց դուք պետք է գնահատական տաք, թե ինչքա՞ն է թանկանալու և որքա՞ն է ազդելու հոսանքի սակագնի բարձրացումը մեր տնտեսության վրա, ինչքա՞ն է հարկ ավելանալու այս թանկացումից, ավելացված արժեքի հարկից որքա՞ն է գնալու սոցիալական շերտի կարիքների համար: Մի տեսակ ձնագնդի եք սարքում. հոսանքը թանկացավ, 2016 սա կթանկանա, հետո էլ մի ուրիշ բան»,-շարունակեց նա: