ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկնաբանել է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով: Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հիշեցնենք, բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

Պատասխանելով մեր հարցին՝ «Պարոն նախարար, ի՞նչ կասեք Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ում կայացված որոշման մասին ադրբեջանական մեկնաբանությունների վերաբերյալ», Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է․ – «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում կամ հովանու տակ կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է Եվրադատարանի որոշումը: – «ՄԻԵԴ-ի որոշումը, փաստորեն, վերջ դրեց Հայաստանի ժխտողականությանը՝ կապված Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթմանը առնչություն և Ադրբեջանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու հետ», – ասված է պաշտոնական Բաքվի տարածած հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարը հակադարձում է․ – «Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս