ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ճապոնիայի ՄՀԳ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության /ՃՄՀԳ/ պատվիրակությանը:

Պատվիրակությունը ղեկավարում էր ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին:

Շնորհակալություն հայտնելով երկարամյա համագործակցության համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության հետ համագործակցությունը:

Իր հերթին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՃՄՀԳ կարևոր գործընկերներից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՃՄՀԳ Հայաստանում իրականացվող ներկայիս ծրագրերը, մասնավորապես` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) ծրագիրը, որի նպատակը Հայաստանում տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի ստեղծումն է, ինչպես նաև դրանց առաջմղումը, որպեսզի վերջիններս ճանաչելի լինեն տեղական, իսկ հետագայում նաև արտաքին շուկաներում: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2013 թվականի մայիսին և կտևի մինչև 2016 թվականը:

Գարեգին Մելքոնյանն ընդգծել է նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև ՓՄՁ ոլորտի համատեղ ծրագրերի շարունակականության կարևորությունը և  փաստել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես պատրաստ է քննարկելու  ՃՄՀԳ  աջակցությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները  Հայաստանում:




Լրահոս