Արդեն հայտնի է, որ ՄԻԵԴ Մեծ պալատը օրեր առաջ հրապարակել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է կողմերի պահանջները և պարտավորեցրել Հայաստանին և Ադրբեջանին հետամուտ լինել երկու ընտանիքների խախտված իրավունքների վերականգնման հարցում:
Հանրության համար բազում հարցերի տեղիք է տվել այն հանգամանքը, որ ՄԻԵԴ Մեծ պալատը Չիրագովների գործում նաև սահմանել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունի քաղաքական, տնտեսական և ռազմական զգալի ազդեցություն, որի արդյունքում ԼՂ նկատմամբ «իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», և հետևաբար Հայաստանն է պատասխանատվություն կրում ԼՂ տարածքում տեղի ունեցող իրավախախտումների համար:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց գործերը ՄԻԵԴ-ում քննվելու ժամանակ Հայաստանը ներկայացնող դատավոր, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի հետ:
–Տիկի´ն Գյուլումյան, ՄԻԵԴ Մեծ պալատի այս որոշումն ի՞նչ է ըստ էության իրենից ներկայացնում: Ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Հայաստանի համար:
-Նախ ասեմ, որ դատարանն այն բոլոր գործերով, որոնցով ճանաչել է որևէ պետության արտատարածքային իրավազորություն, մշտապես նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի իմաստով իրավազորության առկայությունը հաստատող չափորոշիչները երբեք չեն հավասարեցվում միջազգային իրավունքի ներքո պետության միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողությունների համար պատասխանատվություն առաջացնող չափորոշիչների հետ:
Այս հանգամանքը Մեծ պալատը վերահաստատել է սույն վճռի 168 պարագրաֆում, որտեղ նշել է այն ընդհանուր սկզբունքները, որոնցով ղեկավարվել է Հայաստանի իրավազորության ճանաչման համար: Դա նշանակում է, որ այս վճիռը նշանակություն ունի միմիայն եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին:
–Ձեր կարծիքով, տվյալ դեպքում ի՞նչ քաղաքականություն է վարել ՄԻԵԴ մեծ պալատը:
– Նախ պետք է ասեմ, որ իմ պորտուգալացի գործընկերը, ով ևս հատուկ կարծիք էր հայտնել այս գործի շուրջ, մեծ հաշվով համակարծիք էր ինձ հետ: Մենք գտնում էինք, որ Հայաստանի իրավազորությունը չէր կարելի ճանաչել: Լատվիացի դատավորը գտնում է, որ Հայաստանի իրավազորությունը չէր կարելի ճանաչել: Եթե մենք գտնում ենք, որ Հայաստանը խախտել է, ապա մենք պետք է գտնենք, որ նա պոզիտիվ առումով է խախտել, այսինքն` թե ինչու մարդիկ պետք է կորցնեն իրենց սեփականությունը, որովհետև իր վրա պարտավորություն է վերցրել` իր ազդեցությունը օգտագործելով Ղարաբաղի նկատմամբ հարցի կարգավորման համար:
Դատարանի Մեծ պալատի այս որոշումն ըստ էության ինչ-որ տեղ դուրս է միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքի տրամաբանությունից: Ինչ վերաբերում է Մեծ պալատի վարած քաղաքականությանը, ապա գտնում եմ, որ դատարանը փորձեց այնպիսի իրավական քաղաքականություն իրականացնել, որով հավասարապես պաշտպանված կլինեն մարդու իրավունքները: Այս գործերով Եվրոպական դատարանը փորձեց երկու կողմերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Չիրագովի գործը ներկայացվել էր 2005-ի ապրիլին, իսկ Սարգսյանի գործը` 2006-ի օգոստոսին, բայց որոշվեց երկու գործերն էլ միասին քննել, որպեսզի որևէ մեկի նկատմամբ կողմնապահություն չդիտարկվի: Դատարանը գտավ, որ իր խնդիրը չէ Լաչինն ինչպես է ազատագրվել: Կարևորը, ըստ Դատարանի, տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանվածությունն է, այն, թե ինչպես են մարդիկ կորցրել իրենց ունեցվածքը:
–Ձեր գնահատմամբ, արդյոք ճի՞շտ է ՄԻԵԴ Մեծ պալատի վերը նշված սահմանումը, և ի ՞նչ է ի վերջո նշանակում Պալատի որոշումը:
– Նախ պետք է նկատել, որ վճիռը ԼՂՀ ճանաչման հարց չի լուծում: Սա նշանակում է, որ կողմերը շարունակեն բանակցային գործընթացը, փորձեն հասնել ինչ-որ արդյունքի` այդտեղ բնակված մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար: Այս գործերը ուղղված են տվյալ անձանց իրավունքի պաշտպանությանը և չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:
–Իսկ որքանո՞վ են նշված դիտարկումներն արժանահավատ Հայաստանին պարտավորեցնող որոշումներ կայացնելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղն ունի անկախ պետությանը բնորոշ բոլոր պետական ինստիտուտները, իսկ Հայաստանը չունի որևէ իրավազորություն այդ երկրի վրա: Արդյոք խտրական վերաբերմունք չի՞ դրսևորվել հայերի նկատմամբ:
-Իմ հատուկ կարծիքում, որը կցված է գործին, ես խոսել եմ խտրականության դրսևորման մասին: Մասնավորապես, Սարգսյանի գործով գտնում եմ, որ Ադրբեջանին պետք էր ճանաչել պատասխանատու նաև խտրականության դրսևորման առումով: Այսինքն` հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Բայց դատավորների մեծամասնությունը գտավ, որ երկու գործով էլ մոտեցումները պետք է նույնը լինեն և երկու դեպքում էլ գտավ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով (Խտրականության արգելում) քննություն կատարելու անհրաժեշտություն չկա` ելնելով նրանից, որ մյուս հոդվածներով խախտումներ եղել են:
Սարգսյանի գործով ես պնդում էի, որ դիտվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, քանի որ միջազգային կառույցները, նույն Եվրոպայի խորհրդի խտրականության կոմիտեն, հաճախ են փաստել Ադրբեջանում խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Բացի դրանից, իմ կռվանն այն էր, որ ադրբեջանական գյուղերից ադրբեջանցիները ռազմական դրության ժամանակ չէին տարհանվել, մինչդեռ հայերը տարհանվում էին:
-Տիկին Գյուլումյան, Ձեր դիտարկմամբ, արդյոք գանգատ ներկայացնող կողմը չպե՞տք է սպառեր ներպետական դատական ատյանները, ինչը չի արվել:
– Ներպետական ատյանները կարող են բացառիկ դեպքերում չսպառել: Պետք է նկատել, որ առավել կարևոր է այն հանգամանքը, որ որոշումները նախադեպային են:
-«Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը վճիռ է կայացրել: Դուք, որպես ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր, քաջատեղյակ եք գործերին և նաև հատուկ կարծիք էիք հայտնել, ինչպե՞ս եք գնահատում վճիռները:
-Նշված վճիռների վերաբերյալ իմ տեսակետը արտահայտված է իմ հատուկ կարծիքում, որը կցված է գործին: Չիրագովի գործով ես ամբողջությամբ չեմ համաձայնել վճռի հետ, իսկ Սարգսյանի գործով գտնում եմ, որ Ադրբեջանին պետք էր ճանաչել պատասխանատու նաև խտրականության դրսևորման առումով: Այսինքն` հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Բայց դատավորների մեծամասնությունը գտավ, որ երկու գործով էլ մոտեցումները պետք է նույնը լինեն և երկու դեպքում էլ գտավ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով (Խտրականության արգելում) քննություն կատարելու անհրաժեշտություն չկա` ելնելով նրանից, որ մյուս հոդվածներով խախտումներ եղել են: Սարգսյանի գործով ես պնդում էի, որ դիտվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, քանի որ միջազգային կառույցները, նույն Եվրոպայի խորհրդի խտրականության կոմիտեն, հաճախ են փաստել Ադրբեջանում խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Բացի դրանից, իմ կռվանն այն էր, որ ադրբեջանական գյուղերից ադրբեջանցիները ռազմական դրության ժամանակ չէին տարհանվել, մինչդեռ հայերը տարհանվում էին:
-Իսկ Չիրագովի գործով վճռին Ձեր անհամաձայնությունը ո՞րն էր:
-Չիրագովի գործով ես ամբողջությամբ էի դեմ վճռին, որովհետև ես գտնում էի նախ, որ Չիրագովը և մյուսները հնարավորություն են ունեցել դիմել Ղարաբաղի ներպետական դատարաններին, որը չեն արել: Բայց մեծամասնությունը գտավ, որ այդ դատարաններն ըստ էության, չէին կարող այնպիսի վճիռ կայացնել, որը կբավարարեր դիմող կողմին: Այսինքն` ելնելով կոնֆլիկտային իրավիճակից, նրանք գտնում էին, որ տեղահանված անձանց համար դժվար է դիմել այդ երկրի դատարան: Իմ առանձին կարծիքում ես նշել եմ, որ դա հնարավոր էր: Վճռին դեմ էի նաև այն պատճառով, որ տների և հողամասի վերաբերյալ բավարար ապացույցներ չեն ներկայացրել և ներկայացրածն էլ հակասական էր` մի փաստաթղթում մեկ տվյալ էր, մի ուրիշ փաստաթղթում` այլ տվյալ:
Բայց դատավորների մեծ մասը գտավ, որ հակամարտության գոտիներում հնարավոր է, որ չկարողանան իրենց սեփականության վերաբերյալ լիարժեք փաստաթղթեր ներկայացնել: Երրորդ անհամաձայնությունս, որն ինձ համար ավելի էական էր, այն էր, որ չէր կարելի այդ հարցում ճանաչել Հայաստանի իրավազորությունը, քանի որ իմ կարծիքով, այդտեղ իրավազորություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները` ԼՂՀ բանակը, ԼՂՀ պետական կառույցները: Մեծամասնությունը այս հարցում ևս չհամաձայնեց` գտնելով, որ քանի որ Հայաստանը թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ ռազմական առումով էական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղին, հետևաբար պատասխանատվություն է կրում, և Ղարաբաղի պատասխանատվության հարցը Եվրոպական դատարանը չի կարող քննության առնել:
Դատավորների մեծամասնությունը երկու դեպքում էլ գտնում էր, որ «սև կետեր» չպետք է մնան Եվրոպայի քարտեզի վրա, և մարդիկ իրենց ամենուր պետք է պաշտպանված զգան` անկախ նրանից հակամարտության գոտի է, թե ինչ է: Դրա հետ ես համաձայն չէի: Երկու գործերով էլ Եվրոպական դատարանը փորձել է մեկ միասնական ստանդարտ կիրառել, որը տվյալ պարագայում, միգուցե ընդունելի չէր: Երկու գործերի նկատմամբ համարյա թե նույն խախտումներն են գտնվել, բացառությամբ մեկի` Սարգսյանի գործով դատարանը գտել է, որ նրա անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը խախտվել է նաև այն առումով, որ ոչ միայն նա չի կարող իր տուն այցելել, այլ նաև չի կարող այցելել իր հարազատների գերեզմանին: Նման հայց Ադրբեջանի կողմից չկար:
-Ի՞նչ են արվում այդ կարծիքները, տիկին Գյուլումյան, ընդունվում են ի գիտությո՞ւն:
-Կցվում են վճռին և հետագայում գործերի քննության ընթացքում կարող է` որոշակի ուղղորդող նշանակություն ունենան:
-ՄԻԵԴ վճռով բավարարվել են կողմերի պահանջները և նշվում է, որ դրանով պարտավորեցվում է Հայաստանին ու Ադրբեջանին հետամուտ լինել խախտված իրավունքների վերականգնման հարցում: Ի՞նչ է սա նշանակում:
-Սա նշանակում է, որ կողմերը շարունակեն բանակցային գործընթացը, կողմերը փորձեն հասնել ինչ-որ արդյունքի` այդտեղ բնակված մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար: Կամ գան ընդհանուր հայտարարի, փորձեն որոշակի կարգավորման գնալ դրամական փոխհատուցում տալու միջոցով կամ ասենք` անձանց վերադարձը ապահովելու միջոցով: Այսինքն այն, ինչը նաև գտնվում է հակամարտության լուծման բանակցային գործընթացի սեղանին: Այս գործերը ուղղված են տվյալ անձանց իրավունքի պաշտպանությանը և չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Վճիռը ԼՂՀ ճանաչման հարց չի լուծում:
-Փաստորեն, տիկին Գյուլումյան, Հայաստանի և Ադրբեջանի մասով այս գործերը նախադեպային են` հետագայում նմանատիպ գանգատները քննելու համար: Ինչքա՞ն նման բնույթի գործեր կան ՄԻԵԴ-ում:
-Բնականաբար, նախադեպային որոշում է: Ադրբեջանցիների կողմից Չիրագովի գործի նման Հայաստանի դեմ ներկայացված կա շուրջ 600 գործ, իսկ Ադրբեջանի դեմ Սարգսյանի գործի նման կա շուրջ 500 գործ: Իրականում այս գործերը համարվում են առաջնորդող գործեր: Այս գործերով Եվրոպական դատարանը փորձեց երկու կողմերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Չիրագովի գործը ներկայացվել էր 2005-ի ապրիլին, իսկ Սարգսյանի գործը` 2006-ի օգոստոսին, բայց որոշվեց երկու գործերն էլ միասին քննել, որպեսզի որևէ մեկի նկատմամբ կողմնապահություն չդիտարկվի:
-Եվ Չիրագովի, և Սարգսյանի գործով երկու երկրներին գումարային պահանջ էր ներկայացվել, որի մասին վճիռը ՄԻԵԴ-ը հետաձգել էր 12 ամսով: Տիկին Գյուլումյան, կա՞ նախադեպային որոշում այլ երկրների հետ կապված գործերով, թե ինչ չափի գումարի մասին կարող է խոսք լինել:
-Նման նախադեպային որոշում չկա, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով դատարանն ինքն է որոշում: Հետագայում ելնելով կողմերի ներկայացրած պահանջներից, ելնելով մյուս կողմի առարկություններից` պարզ կլինի, թե ինչպիսին կլինի այդ բավարարումը: Ներկայացված գումարից պակաս հնարավոր է սահմանվի, բայց ավելին` հնարավոր չէ:
Զրուցեց Տաթև Հարությունյանը
Լուսանկարը` iravaban.net-ի