Օգոստոս ամսին Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, կանցկացվի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:
Ռազմամարզական խաղերի նախապատրաստման, պլանավորման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հունիսի 18-ին Ծաղկաձորում` մրցույթի անցկացման վայրում, կայացել է ռազմամարզական խաղերի նախապատրաստման, պլանավորման և կազմակերպչական հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Ծաղկաձորի գեղատեսիլ բարձունքներից մեկում գտնվող մարզահամալիրը օգոստոսին կընդունի մեկ տասնյակից ավելի երկրների ռազմամարզական և կադետական վարժարանների սաներին: «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» ռազմամարզական մրցույթ-հավաքի անցկացման համար մարզահամալիրում առկա են բոլոր պայմանները՝ տարբեր մարզաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճներ, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան և այլն:
Տեղզննման իրականացման և առաջադրված խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվեցին նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, տեղեկատվական, թիկունքային, բժշկական, անվտանգության ապահովման և մրցույթի անցկացման հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջագծում իրականացվող և միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը: