ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համաձայնեց «Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, թե նախագահի ընտրություններից առաջ քաղաքական պրոցեսների զարգացումն ուշանում է: Սակայն, ըստ նրա, առաջիկայում շատ արագ իրավիճակը կփոխվի, ու քաղաքական դաշտը կլարվի:
-Առաջին անգամն է, որ ՀՀ-ում նախագահական ընտրություններից ամիսներ առաջ նման հանդարտ վիճակ է քաղաքական կյանքում, այնինչ նախկին բոլոր ընտրություններից առաջ մթնոլորտը բավական լարված էր: Անգամ ընդդիմությունը կարծես թե պասիվ է: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Մենք դեռեւս չենք մտել ակտիվացման փուլ: Այժմ ինկուբացիոն պրոցեսներ են ընթանում: Երբ այդ պրոցեսներն արդեն արդյունք տան, այդ ժամանակ էլ քաղաքական դաշտը կակտիվանա: Այնպես որ, առաջիկայում ակտիվացում կլինի:
-Իսկ չե՞ք կարծում, որ քաղաքական առումով ուշանում եք:
-Իսկապես, այժմ քաղաքական պրոցեսները հետ են ընկել: Բայց առաջիկայում դրանք միանգամից թափ կհավաքեն, ու անհրաժեշտ արագությունը, անհրաժեշտ լարվածությունը կլինի:
-Նաեւ հասարակական անտարբերությունից տպավորություն է, որ հասարակությունը նույնիսկ ընդդիմության հետ առանձնապես հույս չի կապում, կարծես հիասթափված է:
-Որովհետեւ պրոցեսներն այդժամ միջկուսակցական են, միջքաղաքական են: Իսկ հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների, թե միջկուսակցական բանակցությունները, խորհրդակցություններն ինչ արդյունք կտան: Եւ այդ արդյունքները հայտնի դառնալուց հետո արդեն պրոցեսներն արագ կերպով կակտիվանան:
-Այս պահին, Ձեր տպավորությամբ, ներկուսակցական բանակցություններն արդյունք կտա՞ն:
-Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի բանակցություններն արդյունք տան: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները եւս ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ գտնելու այն ընդհանուր օրակարգը, որի շուրջ կարող ենք նստել, բանակցել, արդյունքի հասնել: Այս պահին վաղ է գնահատական տալը: Այժմ աշխատելու, բանակցելու փուլն է: Եւ մենք անում ենք հնարավորը՝ արդյունքի հասնելու համար:
-Բայց, օրինակ, ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության մասին արդեն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը «Երկիր»-ին ասել է, որ իրենք նպատակահարմար են գտնում ԱԺ էթիկայի հանձնաժողով, այլ ոչ թե ՍԴ դիմելը, եւ չեն միանա ՀԱԿ նախաձեռնությանը:
-Մենք կարեւորում ենք ե՛ւ էթիկայի հանձնաժողով, ե՛ւ ՍԴ դիմելը: Դեռ վաղ է եզրակացություն անելը, քանի որ մենք նրանց դեռ չենք փոխանցել այն հիմքերը, համաձայն որի՝ մենք ՍԴ ենք դիմում: Մենք ԱԺ խմբակցություններին կներկայացնենք մեր մոտեցումները, ՍԴ դիմելու իրավաբանական հիմքը, որից հետո նրանք կարծիք կհայտնեն:
-Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ը վերջին պահին մենակ մնա կամ կխաբեն ՀԱԿ-ին:
-Մենք պայմանավորվել ենք, որ նրանց ներկայացնենք ՍԴ դիմելու իրավաբանական հիմքերը: Եւ քանի դեռ իրենց մոտ չկա այդ տեքստը, դժվար է կարծիք հայտնելը:
-Ձեր գնահատմամբ՝ հասարակությունն ընդդիմության հետ հույս կապո՞ւմ է, թե՞ ոչ:
-Կարծում եմ՝ հասարակությունը հույս կապում է այն բանակցությունների հետ, որ ընթանում են 4 խմբակցությունների միջեւ: Այդ քննարկումները հույս են արթնացրել, որ 4 խմբակցությունները միմյանց հետ լեզու կգտնեն:
-Նույն իշխանությունը ինքն էլ է փորձում դեպի իրեն քաշել կոալիցիոն նախկին գործընկերներին՝ ԲՀԿ-ին, ինչու չէ, նաեւ ՀՅԴ-ին:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քայլերը: Յուրաքանչյուր ուժ, հետեւելով քաղաքական դաշտին, հաշվարկներ անելով, ինքն է որոշելու նախագահի ընտրություններում իր մասնակցության ձեւն ու չափը: Դրա համար են այժմ ընթանում բանակցություններ: Քանի որ հիմա քննարկումների փուլում ենք, այս պահին որեւէ քաղաքական ուժից ավելին սպասել պետք չէ: Հարկավոր է ընդամենը սպասել քննարկումների ավարտին:
-Միշտ, երբ հերթը հասնում է անձերի վերաբերյալ քննարկումներին, քաղաքական ուժերի միջեւ սկսվում են անհամաձայնությունները, քանի որ յուրաքանչյուրն իր ամբիցիան ունի: Ավելին, այս պահին բանակցող ուժերը նախկինից միմյանց հանդեպ որոշակի վերապահումներ ունեն, հիշենք թեկուզ Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀՅԴ հարաբերությունները: Այս դեպքում մտավախություն չունե՞ք, որ այդ խնդիրները կրկին մղվեն երկրորդ պլան, ու երբ հերթը հասնի անձերին, համաձայնություն չկայանա:
-Անշուշտ, մտավախություն կա: Բայց եթե ելնենք խնդրի դրվածքից ու իրավիճակի լրջությունից, ապա քաղաքական ուժերի մոտ հնարավորություն կա գալու ընդհանուր հայտարարի: Ես լավատես եմ: Ավելին, այս պահին գործընթացները հուսադրող ընթացք են խոստանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս