ՀՀԿ-ում յուրօրինակ բարքեր են տիրում. հատկապես նորելուկ պատգամավորներն իրենց մանդատի համար երախտագիտությունն ուշագրավ մեթոդով են հայտնում: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, կուսակցության «գաղափարական ղեկավարությունը» գրում է հայտարարության կամ ելույթի տեքստ, փոխանցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, որն էլ դրանք բաժանում է պատգամավորներին՝ հանձնարարելով, թե ով որ տեքստն ընթերցի: Զարմանալի զուգադիպությամբ, այդ ելույթները լինում են ընթերցող պատգամավորների ոչ կոալիցիոն երբեմնի ընկերների դեմ. քննադատության թիրախում ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն են:
Ճիշտ է, հետո այդ պատգամավորները հարմար պահի թաքուն գնում են ոչ կոալիցիոն գործընկերների մոտ, ներողություն խնդրում, ասում, որ կուսակցության ղեկավարությունն է իրենց ստիպել են հենց այդ տեքստը կարդալ, որ ստիպված են եղել դիմել այդ քայլին, որ իրենք կոնկրետ այդ անձանց հետ որեւէ խնդիր չունեն, եւ այսպես շարունակ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, բնականաբար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը: «Ինձ մոտ անընդհատ ցանկացած քաղաքական իրավիճակին կամ գործողության մեջ բավական լուրջ քննարկումներ ենք անում, ու դա հասկանալի է: Բայց այնպես չի կարող լինել, որ ինչ-որ մեկը գրի, մեկ ուրիշը կարդա»,- նշեց Սահակյանը: Նա նաեւ հավելեց, թե «ՀՀԿ-ն բավական գրագետ թիմ է, լի հրապարակախոսներով»: Այս տեղեկությունները հերքեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը. նա էլ իր հերթին հայտարարեց, թե ՀՀԿ-ականները ժողովրդավար են ու յուրաքանչյուրին ինքնադրսեւորվելու հնարավորություն են տալիս: Միայն թե, որքան շատ են ՀՀԿ-ականները հերքում այս լուրերը, այնքան մարդիկ ավելի են հավատում դրանց:
ԵՐԲ ԽԵԼՈՔԱՆՈՒՄ ԵՆ ԽՐՈԽՏՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ