ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնի այցը Հայաստան հետաքրքրություն առաջացրեց հանրության որոշակի շրջանակներում եւ բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թեեւ այցի պաշտոնական ձեւակերպումը երգչի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երեւանյան համերգն էր, բայց որոշ լրատվամիջոցներ դրանում հնարավոր կապ տեսան ՔԿՀ-ների բունտի եւ «Դվին» հյուրանոցի գործարքի հետ: Նշյալ ենթադրություններում հավանաբար կա որոշակի ճշմարտություն` պայմանավորված քրեաքաղաքական ենթատեքստերով, ու կա կոնֆլիկտ, որը լուծելու համար էլ Ի. Կոբզոնը եկել է Հայաստան:
Սկսենք նրանից, որ երգիչն օրերս տեղի ունեցած հայաստանյան ասուլիսի ժամանակ նշեց, որ իր այցը հրաժեշտի չէ, քանի որ 60-ամյակի ժամանակ իր այդ մտադրությունը «վիժեցրել են» իր կոլեգաները` իր օրինակին չհետեւելով, ու նաեւ մարդիկ, որոնք իրեն համոզել են ելույթ ունենալ. «Ես իմ շրջագայությունը հրաժեշտի չեմ անվանել, այլ հոբելյանական, սակայն առաջիկայում ես, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեմ հրապարակային ելույթներից»: Ի՞նչ կարող է նշանակել սա. ի սկզբանե ասենք, որ ԱՊՀ-ում եւ միջազգային ասպարեզում, քրեաքաղաքական էլիտայում լուրջ կշիռ ունեցող անձի` Ի. Կոբզոնի համար «ելույթ» ասվածը նաեւ քաղաքական ու կրիմինալ բանակցությունները քողարկելու, «բարտերով» գործարքներ կնքելու, կոնֆլիկտներ լուծելու հրաշալի միջոց է: Իսկ հրապարակային ելույթներից առաջիկայում հրաժարվելու ձեւակերպումը մի բան կարող է նշանակել` դեռ հայտնի չէ, թե ինչ ավարտ են ունենալու նրա հայաստանյան «անելիքները» ու ներհայաստանյան խմորումները: Ինչի՞ մասին է խոսքը: Ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կապ ունի «Դվին» հյուրանոցը երգչի հետ: Վերջինս պատասխանեց. «Ոչ մի առնչություն չունեմ այդ հյուրանոցի հետ», բայց, չգիտես ինչու, նրա կողքին էր հյուրանոցի հետ կապ ունեցող «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը: Կոբզոնը միաժամանակ խոստովանեց, որ երկար տարիներ առաջ այդ հարցով ինքը զբաղվել է Ա. Թովմասյանի հետ:
Իսկ ի՞նչ էր եղել երկար տարիներ առաջ (2003թ.), որ Ա. Թովմասյանն ու Ի. Կոբզոնը որոշել էին «Դվին»-ով զբաղվել: 9 տարի առաջ, երբ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, այդ հյուրանոցի սեփականատերն ազատամարտիկ, կոնդեցի Վանուշ Թորոսյանն էր: Այդ ժամանակ վերջինս սատարում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, որն այդպես էլ չընտրվեց, իսկ Վ. Թորոսյանը նույն թվականին ԱԺ ընտրություններում պարտվեց Շավարշ Քոչարյանին: Եւ ահա 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում Վ. Թորոսյանը սպանվեց հրազենային կրակոցներից` ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանի եւ ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանի հետ միասին: Սպանողներին չբռնեցին: Այն ժամանակ Ա. Գեղամյանը սպանությունն այսպես մեկնաբանեց. «Որոշ մարդկանց հետ հաշիվները մաքրում են հանրապետության սահմաններից դուրս… Վանիկ Թորոսյանը Մոսկվայում թշնամիներ չուներ»: Իսկ ռուսական ԶԼՄ-ներում այդ դեպքը որակվեց որպես «ֆինանսական ռազբորկա», ռուս օպերատիվնիկներից մեկի կարծիքով` հայկական համայնքի քրեական բաժանում. «Հեղինակությունները դուրս են գալիս զոներից եւ փորձում վերադարձնել իրենց կորցրած լծակները»:
Ինչեւէ, հենց 2003թ. «Դվին»-ը 3 մլն դրամով վաճառվեց «Կովկասի կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլի, Ի. Կոբզոնն է: Գնորդը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել 5-աստղանի հյուրանոց` ներդնելով առնվազն 30 մլն դոլար: Մինչ օրս ոչինչ չի արվել: Եւ ահա անցյալ տարվա մարտից հայրենի իշխանությունները հանկարծ հիշում են հյուրանոցի ներդրումային պարտավորությունների մասին. ասում են` «Դվին»-ը 2004-ից չի կարողանում կատարել իր ներդրումային պարտավորությունները` հիմնավոր պատճառներով. նախկին պայմանագրերը եղել են ոչ իրավաչափ: Եւ անցյալ տարի, Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ, իրենք նոր պայմանագիր են կնքել «Դվին»-ի սեփականատերերի հետ: «Մենք վերանայեցինք պայմանագիրը, որտեղ այժմ հստակ նշված են այն տուգանքներն ու տույժերը, որ սահմանվում են սեփականատերերի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում»,-ասել էր Ա. Սահակյանը` հավելելով, որ եթե սահմանված ժամկետում ներդրումներ չարվեն, սեփականատերը պարտավոր է տուգանք վճարել յուրաքանչյուր տարվա չիրականացված ներդրումների 12 տոկոսի չափով, իսկ 2014թ. հետո կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով առգրավել «Դվին»-ը:
Հիմա Կոբզոնը կարծես հենց այդ նպատակով էլ եկել է, քանի որ հայտնվել է 2 քարի արանքում. նախագահական ընտրություններից առաջ նա պետք է կողմնորոշվի` ում է պաշտպանելու՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն (կամ նրա սատարած անձին), ում ժամանակ հյուրանոցը ձեռք է գցել, թե՞ Սերժ Սարգսյանին, որը սպառնում է նրա ընկերությանը տուգանել եւ ձեռքից վերցնել հյուրանոցը, եթե նա չկատարի իր ներդրումային պարտավորությունները: Եւ որպեսզի Ս. Սարգսյանի «խաթրն առնի», Կոբզոնը «տույժերը ջրելու» համար առայժմ այստեղ բարեգործական համերգ է կազմակերպել, որից ստացված հասույթը կուղղվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամին: Իսկ մյուս կողմից կարծես ՔԿՀ-ներում վիճակն է անհանգիստ, որն էլ կարող է Ռ. Քոչարյանին սատարող ուժերի «նախաձեռնությունը» լինել: Այդ հարցերի լուծումը երգչի հնարավորությունների տիրույթում է: Ինչ կորոշի նա` ցույց կտա ժամանակը, բայց նրան ընկերակցող Արտակ Թովմասյանն ասել է, որ «Դվին»-ի ներդրումները կսկսվեն 3 ամսից, այսինքն՝ նախագահական ընտրությունների ժամանակ` փետրվարին, երբ պարզ կլինի, թե հայտնի կամ թաքնված թեկնածուներից ով է թագավորելու Հայաստանում:
ԿՈԲԶՈՆԸ ԵԿԵԼ Է ԿՈՆՖԼԻԿՏ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈ՞Ւ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ