«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին միայնակ մեկնել է Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին եւս Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկել Բաքուն, չգնաց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԺ նախագահն արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը վախենում մեկնել Բաքու, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց որեւէ խնդրի մեկնեց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայկական ոչ մի պատվիրակություն չի վախենում: Նպատակահարմար լինի՝ կմասնակցեն, չի լինի՝ չեն մասնակցի: Տարբեր երկրներում էլ են լինում տարբեր վեհաժողովներ, միջոցառումներ, եւ այստեղ խնդիրը, կրկնում եմ, Բաքուն չէ, այլ նպատակահարմարության հարցը:
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հովիկ Աբրահամյանը նման լուրջ որոշում կայացնելու ինքնուրույն իրավունք չունի, ո՞վ գիտի, խառը ժամանակներ են, առջեւում նախագահական «ընտրություններն» են, շտաբի պետի պաշտոնի հարց կարող է առաջանալ, ԲՀԿ-ի հետ կապավորի պարտականություններ եւ այլն: Բացի այդ, նա վերջերս Պրահայում խիստ անհարմար վիճակի մեջ է դրել երկրի իշխանություններին՝ նրանցից պահանջելով հյուրանոցում իրեն հատկացնել ԱՄՆ նախագահի իջեւանած համարը: Երեւի մտածել է, որ Բաքվում դժվար թե իրեն համապատասխան հյուրանոց ճարվի: Ինչ վերաբերում է Աբրահամյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Բաքու գնալուն, ճիշտն ասած, ինձ համար շատ զարմանալի է, որ ԱԺ նախագահի փոխարեն մեկնում է իշխանություններին «խիստ ընդդիմադիր» քաղաքական գործիչը, որը, ի դեպ, նաեւ մտադիր է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու:
ԱՄՆ-ում ազգային-հասարակական գործիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք նույն քաղաքական ուժի ներկայացուցիչը չենք, եւ չեմ կարող մեկնաբանել, թե Հովիկ Աբրահամյանն ինչ է մտածում: Միգուցե Սանկտ-Պետերբուրգից վերադառնա եւ հայտարարություն անի՝ գնալու կամ չգնալու հետ կապված: Ի՞նչ իմանամ:
ՕԵԿ փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ