Սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, «քննադատեց» նաեւ առողջապահության ասպարեզում առկա վիճակը եւ արտահայտեց իր դժգոհությունները: Սակայն Դերենիկ Դումանյանի ղեկավարած գերատեսչությունում իրավիճակը ցայսօր մնում է չկարգավորված այնպես, ինչպես «անգործունակների» կառավարության մյուս ճյուղերում: Ստորեւ փորձենք անդրադառնալ այս նախարարության 2011թ. հաշվետվության մեջ առանցքային տեղ զբաղեցնող շտապօգնության ծառայության ոլորտին:
Առողջապահության նախարարությունը (ԱՆ) 2011թ. հիվանդանոցային բուժհաստատությունների ֆինանսական ցուցանիշների բարելավման ուղղությամբ արված հիմնական քայլերի համատեքստում առանձնացնում է բյուջետային հատկացումների ավելացումը: ՀՀ 2011թ. պետբյուջեի ծախսերի հաշվետվությունից պարզեցինք, որ առողջապահության ոլորտին է հատկացվել ավելի քան 63,3 մլրդ դրամ: Միաժամանակ պարզվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ այդ ոլորտի ծախսերը ավելացել են 12.8%-ով: Տարեկան զեկույցը պարզաբանում է, որ այս ծախսերի աճի հիմնական «մեղավորներն» են երեխաները եւ շտապօգնության ծառայությունները, որոնց ուղղությամբ հոսող գումարները նկատելի աճ են արձանագրել:
Կատարողականում նշվում է, որ շտապօգնության ծառայություններում տարիների ընթացքում կուտակվել էին մի շարք խնդիրներ՝ կապված մեքենաների տեխնիկական վիճակի, կապի ժամանակակից ծառայության, դեղորայքի ապահովության, անձնակազմի վարձատրության եւ այլնի հետ: Կառավարությունը, հավատարիմ իր բարեփոխիչ էությանը, անկարող էր հար եւ նման խնդիրների հանդեպ անտարբեր գտնվել, ուստի կրկին չի խնայել իրեն եւ «ահռելի» աշխատանք է կատարել: Այս տեսանկյունից հատկանշական է, որ 2011թ. պետական բյուջեով շտապօգնության ծառայության համար հատկացվել է նախորդ տարվա համեմատ հավելյալ 1520.0 մլն դրամ:
Չինաստանի ապրանքային դրամաշնորհի շրջանակներում հատկացված 88 շտապօգնության մեքենաները բաշխվել են Երեւանի ու մարզային բժշկական հաստատություններին: Բնականաբար, հաշվետվության մեջ չկա որեւէ մեկնաբանություն, թե կոնկրետ որ հիմնարկներին են բաժին հասել այդ մեքենաները, ինչ համամասնությամբ են բաժանվել Երեւանի ու մարզերի միջեւ, ինչպիսի չափանիշներ եւ օրինաչափություններ են հաշվի առնվել այդ գործընթացի իրականացման համար: Ինչեւէ, որքան էլ կառավարությունն ու ԱՆ-ն շատախոսեն բարեփոխումների մասին, շարքային քաղաքացու համար պարզ է, որ դրական տեղաշարժերը կա՛մ գրեթե բացակայում են, կա՛մ էլ խիստ դանդաղում: Հարկ է հիշել, որ շտապօգնությունը հաճախ տեղ է հասնում կանչից բավական ուշ, ինչն ինքնին արժեզրկում է շտապօգնության ծառայության իմաստը: Այս հարցում ծառայության թերացումների ու դանդաղկոտության մեղավորությունը որքան բժշկական անձնակազմինն է, այնքան էլ նրանց աշխատանքը կազմակերպող նախարարությանը:
ԱՆ-ն հավանաբար չի համաձայնի վերը հնչեցված գնահատականների հետ եւ մեր ուշադրությունը կհրավիրի հաշվետվության մեջ արձանագրված այն պնդման վրա, ըստ որի՝ իրենց աշխատանքի արդյունքում 2 անգամ կրճատվել է կանչի սպասարկման տեւողությունը: Փաստվում է նաեւ, որ աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատավարձի բարձրացման արդյունքում աճել է բնակչության ու բուժաշխատողների գոհունակությունը: Բացի այն, որ 2011թ. կանչերի փոխհատուցման գները 2010թ. համեմատ ավելացել են 2 անգամ, նախարարության «բարեխիղճ» աշխատանքի արդյունքում սահմանվել է բրիգադի աշխատողների նվազագույն աշխատավարձ, հաստատվել է վարձատրման չափորոշիչ: Անհայտ այս չափորոշիչով էլ սահմանվել են շտապօգնության ծառայության բուժանձնակազմի վարձատրման կարգն ու պայմանները, որի արդյունքում բժշկի աշխատավարձը 2011թ. մարզերում կազմում է 106,2 հազ. դրամ, իսկ Երեւանում՝ 121,9 հազ. դրամ: Տարօրինակ է, թե ինչու է Երեւանում բժշկի աշխատավարձը ավելի բարձր մարզայինից: Ավելին, արդյոք տրամաբանական չէր լինի թեկուզ այսօրինակ չնչին ներդրումով օգնել մարզերում բնակչության բարեկեցության ապահովմանը: Գաղտնիք չէ, որ մարզերում մարդիկ ավելի վատ են ապրում, քան մայրաքաղաքում:
Առողջապահության նախարարության հաշվետվության համաձայն՝ 2011թ. համեմատությամբ բուժքույրերի միջին աշխատավարձը 46,0 հազ. դրամից դարձել է 79,5 հազ. դրամ: Արդյոք որեւէ տրամաբանություն կա բժիշկների ու բուժքույրերի այսչափ ցածր վարձատրության հարցում, երբ ցանկացած նորմալ երկրում նրանք ստանում են բավական բարձր աշխատավարձ: Վերջապես, արդյոք շտապօգնության բուժքույրը մոտ 80.000 դրամ աշխատավարձով ի վիճակի է քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել իր եւ իր ընտանիքի համար: Բնականաբար՝ ոչ, մինչդեռ կառավարությունը հաճույքով տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում ամենաանհեթեթ ծրագրերի իրականացման համար` աչք փակելով կենսական եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ