ԱՌԱՆՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հանդիպումը «հասարակայնության ներկայացուցիչների հետ»: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանը, այդ հանդիպման նպատակը եղել է ոստիկանության եւ հասարակության միջեւ կապի ամրապնդումը, անմիջական շփման միջոցով թերությունների ու խնդիրների վեր հանումը եւ վստահության ու թափանցիկ աշխատանքի մթնոլորտի ստեղծումը: Հանդիպմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների եւ բուժհաստատությունների տնօրեններ, ուսանողներ, վետերաններ, ՀԿ-ների եւ բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ: Ժողովը բացել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Քննարկում է ծավալվել բնապահպանական խնդիրների, անչափահասների հետ տարվող աշխատանքի, ինչպես նաեւ հասարակական նշանակության հարցերի, մասնավորապես ճանապարհային նշանների, փողոցներում լուսակիրների տեղադրման ու երեխաներին դրանց ուսուցման կանոնների, աղբահանության վերաբերյալ: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ներկաներին առաջարկել է մասնակցել «բաց եւ թափանցիկ զրույցի»: Նա ընդգծել է իրավախախտումների հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսեւորման կարեւորությունը, որին հասնել կարելի է միայն հասարակության վստահության ու ակտիվ համագործակցության միջոցով: Նկատենք, որ հերթական անգամ ոստիկանության մարզային վարչության պետը հանդիպում է ունենում «հասարակայնության ներկայացուցիչների հետ», եւ նորից հանդիպումը կայանում է մարզպետարանի դահլիճում՝ առանց մարզի լրատվամիջոցների: Հրավիրվում են մարզպետարանի ենթակա հիմնարկների՝ դպրոցների, բուժհիմնարկների ղեկավարներ: Ակնհայտ է, որ նրանք իրենց վերադասի՝ մարզպետի ներկայությամբ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ սուր հարցեր կամ քննադատական ելույթներ չէին կարող հնչեցնել:
Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ոստիկանությունը Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ գործողություններ իրականացրեց, դա մեծապես տարփողվեց հանրապետական լրատվամիջոցներով, սակայն ոչ մի պաշտոնյայի նկատմամբ քրգործ չի հարուցվել: Ինչո՞ւ: Ովքե՞ր են «փայտի գործով» «տանիքները», որոնց մասին խոսվում էր ոստիկանական ռեպորտաժներում: «ՄեգաԷներջի» ՍՊԸ-ն Գետահովիտ համայնքի վարչական տարածքում առանց շինթույլտվության, առանց հասարակական լսումների, ապօրինի կերպով կառուցում էր «Խաչաղբյուր-2» հէկ-ը. բնապահպանների ակտիվ պայքարից հետո դրա շինարարությունն առայժմ կասեցվել է: Իսկ Արմեն Ղուլարյանը փոխանակ հետամուտ լինի, որ անտառն ավերած, բնությանը վնաս տված կազմակերպությունը պատասխանատվության ենթարկվի, նամակ էր ուղարկել Գետահովտի ավագանուն՝ խնդրելով հէկ-ի շինթույլտվություն տալ: Վերը նշվածի մասին մարզպետին պետք է հարցեր տրվեին այդ հանդիպման ժամանակ, սակայն ո՞վ պիտի  հնչեցներ… Առանց լրատվամիջոցների, լրագրողների մասնակցության եւ լուսաբանման ի՞նչ թափանցիկություն: Կարելի է մտածել՝ միջոցառում են կազմակերպել, որպեսզի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին զեկուցեն, թե Տավուշի մարզի ոստիկանությունը հասարակության համար բաց եւ թափանցիկ է աշխատում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս