«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող երեկուշաբթի` հունիսի 22-ին, կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը խոստանում է «թեժ» լինել հայկական պատվիրակության համար: Նախատեսվում է, որ այս նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որտեղ հակահայկական այսպիսի մի ձեւակերպում կա. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Փաստաթղթի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդը եւ Թադեուշ Իվինսկին են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթը նախատեսվում է քվեարկության դնել հունիսի 23-ին: Այսինքն՝ իրավիճակը շտկելու եւ այդ ձեւակերպումը փաստաթղթից հանելու համար ՀՀ պատվիրակությունը ընդամենը մեկ օր է ունենալու: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, քանի որ չի կարողացել փաստաթղթում նման ձեւակերպման ներառումը կանխել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե իրենք ինչ են անելու այդ ձեւակերպումը փաստաթղթից հանելու ուղղությամբ, Նաղդալյանը ուշագրավ պատասխան տվեց. «Գործ ենք անելու» եւ բազմազբաղությունը պատճառաբանելով՝ հեռացավ:
Նկատենք, որ 2014-ի գարնանը, երբ Հերմինե Նաղդալյանը գլխավորեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, սկսեցին մեկը մյուսին հաջորդել ի վնաս Հայաստանի ընդունված փաստաթղթերը: Սակայն Նաղդալյանը, կարծես թե, դրանից առանձնապես վատ չի զգում եւ շարունակում է իր անունից սարքովի հարցազրույցի պատրաստի տեքստեր տարածել մի քանի լրատվամիջոցներով, հպարտանալ, թե ինչ խելոք մտքեր է արտահայտել (մինչդեռ դրանց հեղինակն ամենեւին էլ ինքը չէ) ու համարել իր գործն ավարտված»:
Ավելի մանրամասն’ թերթի այսօրվա համարում: