«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի հետ կապված պատմությունը բազմիցս մեկնաբանվել է: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ եւ հիմա: Հիշենք, նա խոսել է բազմաթիվ թեմաներով՝ տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաեւ զուտ պոպուլիստական անդրադարձներ՝ արագաչափեր, կարմիր գծեր եւ այլն: Նույն թեմաները զարգացնում էին նաեւ Քոչարյանին համակրող կայքերը եւ առանձին քարոզիչները:
Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձեւով նվազեց: Օբյեկտիվ պատճառներ դրա համար չկան: Իշխանությունը կարծես թե չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից (չնայած՝ ո՞վ գիտի), տնտեսական իրավիճակը շարունակում է նույնքան տխուր մնալ, Պերմյակովը չի հանձնվել հայաստանյան արդարադատությանը, օրինազանց վարորդները շարունակում են «տուգանքի թղթեր» ստանալ եւ դժգոհել: Եթե քննադատության առիթները մնացել են, ապա ինչո՞ւ այն այլեւս չի հնչում համապատասխան շրջանակների կողմից: Ուրեմն ինչ-որ բան փոխվել է Հայաստանից դուրս: Կամ ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր հույսեր էին կապում այդ «դրսի» հետ, հասկացրեցին, որ այդ հույսերը սնամեջ են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: