Խորհրդարանում այսօր կողմ 61, դեմ 22, ձեռնպահ 16 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցնելու մասին որոշման նախագիծը:
Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին և հույս հայտնեց, թե երկրորդ ընթեցման ժամանակ պարզ կդառնա, թե ում է տրվում այն: Պատգամավորի խոսքով, մեր երկրում մասնավորեցումները վատ հետևանքներ են ունենում: Որպես իր խոսքերի ապացույց, նա բերեց ՀԷՑ-ի օրինակը:
Նման կարծիք հայտնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անթույլատրելի համարեց պետական գույքի մասնավորեցումը: Իսկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ «Հայփոստ»-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար և չի կարելի այն մասնավորեցնել: Նրանք դեմ քվեարկեցին նախագծին: