Երևանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման 3 սկզբունքները, Բաքուն` ընդամենը 1-ը. Ժակ Ֆոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանը հենվում է ԵԱՀԿ հակամարտության կարգավորման Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա եւ ջանքեր գործադրում այդ երեքի պահպանման համար, մինչդեռ Բաքուն երեք սկզբունքներից առաջնահերթությունը տալիս է տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչն էլ խոչընդոտում է բանակցությունների արդյունավետությանը: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը ՆԱՏՕ-­ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ շեշտում է, որ հակամարտության կողմերն ընդունում են համաձայնագրեր, փաստաթղթեր, սակայն դրանք չեն կիրառվում:

«Այսօր ակնհայտ է մի բան. բանակցությունները հանգեցրել են գաղափարների, սակայն ոչ արդյունքների: Կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով վստահության բացակայությունը ամենամեծ խոչընդոտներից է: Կողմերից մեկը մյուսին չի վստահում՝ օրինակ բերելով մի շարք հարցեր»,­ ասաց ժակ Ֆորը` հավելելով, թե խնդիրներից մեկն էլ այն է, որ տարածաշրջանում առկա է սպառազինության մրցավազք: «Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն ավելի բարձր է, քան Հայաստանի ողջ բյուջեն եւ այս հարցում քաղաքական կամք պետք է լինի համաձայնության գալու եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության համար»,­- ասաց Ժակ Ֆորը: Ըստ Ֆրանսիայի նախկին համանախագահի ներքին քաղաքական գործընթացները նույնպես պատճառ են հանդիսանում, որպեսզի բանակցություններն արդյունք չունենան: «Երկու երկրների նախագահները վախենում են քննադատությունից:

Եթե բանակցությունների ընթացքում քննարկեն հարցեր, որոնք հասարակությունները կգնահատեն անընդունալի զիջում, ապա դա կհանգեցնի անշրջելի իրադարձությունների: Եւ նրանք բացարձակ դիրքեր են ընդունում, որպեսզի հասարակության մեջ ներկայանան անձինք, ովքեր որեւէ դիմադրություն չեն ընդունում»,­- ասաց Ֆորը: Նա շեշտեց, որ շատերը չեն բացառում, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո Բաքուն կրկին կդիմի բռնի գործողությունների, սակայն ֆրանսիացի նախկին համանախագահն ընդգծում է, որ Ադրբեջանը շատ բան կկորցնի: «Առաջին հերթին միջազգային հանրությունում կկորցնի այն դերը, որ նա փորձում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել, բացի այդ, ոչ մի ներդրող չի ցանկանա գումար ներդնել մի երկրում, որը պատերազմի մեջ է»,­ ասաց Ժակ Ֆորը:




Լրահոս