ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից ամառային հանգիստի են մեկնել մարզաառողջարանային ճամբարներ:
Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Վերջիններս նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և վստահեցրել, որ ամեն ինչ արվել է երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ: