ԼՂՀ ԱԺ-ն քննադատության է ենթարկել ԵԽԽՎ հակահայկական զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում և դրան կից բանաձևի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձևակերպումների հետ:

Հայտարարությունը՝ ստորև:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը և դրան կից բանաձևի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:

Ադրբեջանին վերաբերող բանաձևի նախագծում համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Թադեուշ Իվինսկին ոչ միայն չեն ներկայացնում Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում բացահայտ հետընթացը, այլև բանաձևի առաջին իսկ պարբերությամբ անդրադառնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, այն էլ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող և զուտ ադրբեջանական պետական քարոզչության հայտնի դրույթները կրկնող ձևակերպումներով:

Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձևակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը:

Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու և միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ:

Անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24 տարիների փորձը լավագույն օրինակներից է ապացուցելու, որ նույնիսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հնարավոր է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական արժեքների հաստատումը, ապահովումն ու ամրապնդումը:

Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս, գնահատելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց և համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական տարածքի մաս է, որն առաջնորդվում է համաեվրոպական արժեհամակարգով՝

– կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և չթույլատրել խեղաթյուրված ու միակողմանի ձևակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը,

– առաջարկում ենք Եվրոպայի խորհրդին և կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

ԼՂՀ Ազգային ժողովի`
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ




Լրահոս