«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գաղտնի նամակ էր ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պաշտոնապես իրազեկելով այն մասին, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ: Ավելին` ՀԷՑ-ի տնօրենը սպառնացել է, որ եթե սակագինը չբարձրանա իրենց ակնկալած չափով, ապա ՀԷՑ-ը կդադարեցնի ընկերության` լիցենզիայով ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացումը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում Բիբինի սպառնալիքներին:
-Նախ ասեմ, որ սովորություն չունեմ ուրիշի նամակները կարդալու, մանավանդ, որ այդ նամակները ինձ հասցեագրված չեն: Չեմ ընդունում նման երեւույթները ու մինչեւ անձամբ չտեղեկացվեմ պաշտոնապես, չեմ կարող հստակ պատասխանել, թե իրականում ինչ է եղել:
-Սակայն թե՛ Աժ լսումներին, թե՛ ՀԾԿՀ նիստին չներկայանալով, ինչպես նաեւ իր վերջին հարցազրույցում ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ եւ, առավել եւս, այս նամակում տեղ գտած սպառնալիքներով Բիբինը, փաստորեն, ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ: ՀՀԿ-ն վիրավորված չէ՞ նրա պահվածքից:
-Դա սպառնալիքներով չի իրականացվում, դա ընդամենը իրականցվում է հիմնավորումներով, ու կարծում եմ, որ ՀՀ-ն ունի այդ լծակը հարցի կարգավորման համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք է ընդունել այն, ինչը հիմնավորված է: Ես չեմ կարծում, որ որեւէ սպառնալիք է հնչել, կամ ինչ-որ համապատասխան չեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները:
-Եթե Բիբինը հրաժարվի լիցենզիայից, արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա ինքնուրույն իրականացնել էլէկտրաէներգիայի մատակարարման գործընթացը:
-Պահանջները Բիբինը չէ, որ պետք է դնի, պահանջները դնողը Հայաստանի Հանրապետությունն է՝ կարգավորող հանձնաժողովով: Ես փաստեր չունեմ, որ Բիբինը հրաժարվում է լիցենզիայից: Ու որեւէ մեկը մեր երկրում չի կարող մեր երկրին սպառնալ: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ենք արտահայտել մեր դիրքորոշումները հարցի քննարկման ժամանակ: Ու ես նաեւ այն տեսակետին եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս շատ պարզ ու հստակ հայտնել է այն, ինչը իրականությունն է: Թող Ձեզ չթվա, որ մենք որեւէ հարցի համար անհանգստություն չունենք, ոչ, մենք աշխատում ենք, մենք անհանգստանում ենք: Շատ հեշտ է կողքից ինչ-որ տեսակետներ հնչեցնելը, բայց նաեւ շատ դժվար է այդ տեսակետներին տեր կանգնելը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ