Ցույցերն ու երթերն առայժմ դադարեցված են, և որոշվել է` մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի պարտքը պետք է մարվի, մինչ այդ ոչ մի ցույց չի լինի: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Նրա կարծիքով` գործարանի պարտքերը փակելուց հետո կգտնվեն կազմակերպություններ, որոնք ներդրումներ կանեն, իսկ այս պահին ներդրումների մասին խոսելն ավելորդ է, քանի որ վախենում են հսկայական պարտքերից: Հրաչ Թադևոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ գործարանի վերագործարկումը կարևորագույն խնդիր է: Նրանց հաշվարկով 50-60 մլն դոլարը բավական է, որպեսզի գործարանն աշխատի: Իսկ Համաշխարհային բանկի աուդիտի արդյունքներով, հիշեցնենք` նշված էր մոտ 340 մլն դոլար:
Գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանի խոսքով` աշխատողների շրջանում դեռ որոշակի անվստահություն կա, որ հայտարարված ժամկետում իրենց պարտքերը կմարեն, քանի որ նման խոստումներ ու հայտարարություններ բազմիցս եղել են: