Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում եղել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Նիստում Արամ Սիմոնյանը, որպես հավակնորդ, ներկայացրել է Մայր բուհի զարգացման իր ծրագիրը: Ներկայացված ծրագրի և ռեկտորի հավակնորդի վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները:
Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամները:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին, մաղթել հաջողություններ և արգասաբեր աշխատանք՝ այն համոզմամբ, որ Երևանի պետական համալսարանը եղել է և միշտ պետք է լինի որպես Մայր բուհ և առաջատար:
Նախագահը նշել է, որ Արամ Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ խորհրդի անդամների ելույթներում հնչած գնահատանքի խոսքերը նորընտիր ռեկտորի համար պետք է լինեն պարտավորեցնող և անկախ նրանից, որ նրա ընտրության հարցում խորհրդի անդամները միակարծիք էին, դեռևս շատ անելիքներ կան Երևանի պետական համալսարանում: Նախագահի համոզմամբ, այդ անելիքները միշտ լինելու են, քանի որ չկա աշխարհի որևէ բուհ, որևէ հիմնարկություն կամ այլ հաստատություն, որտեղ ասեն, թե ամեն ինչ արել են և այլևս անելիք չունեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ անելիքները կարող են իրականություն դառնալ միայն մեծ եռանդի ներդրման և կառուցողական մթնոլորտի պայմաններում:
Օրակարգի այլ՝ ընթացիկ հարցերի թվում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և որոշում է կայացրել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարենի և չինական մշակույթի կենտրոնի, ինչպես նաև հիմնադրամի կազմում «Ուսանողական ծառայություններ» ընկերության ստեղծման մասին:
Խորհուրդը հաստատել է «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ին՝ որպես աուդիտ իրականացնող անձ, և սահմանել է աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2015թ. համախմբված ֆինան-սական հաշվետվությունների աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների ու ծախսերի 2015թ. տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում:
Նիստում հաստատվել են նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի սեփականություն հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգը, ինչպես նաև հիմնադրամի 2014թ. գործունեության մասին հաշվետվության՝ «azdarar.am» պաշտոնական կայքում հրապարակվող կրճատ տարբերակը: