Ավելի քան 1 տարի առաջ Աջափնյակ վարչական շրջանում ինքնասպանություն էր գործել տարեց տղամարդ: Դեպքից երկար ժամանակ է անցել, սակայն ինքնասպանության հետքերը շարունակ «հետապնդում են» աջափնյակցիներին:
Armlur.am-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց Աջափնյակ 16-րդ թաղամասի 25 շենքի ջարդված ցանկապատը, որն էլ, մեղմ ասած, հանգիստ չի տալիս տեղի բնակիչներին: Վերջիններս Armlur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքից հետո դիմել են թաղային կառույցին, համատիրությանը` խնդրելով կարգի բերել ցանկապատը, որը ջարդվել է ինքնասպան եղածի` դրա վրա ընկնելու հետևանքով, ինչպես նաև հեռացնել դրա վրայից սպիտակեղենը, որը ևս դեպքից հետո է «հուշ մնացել»: Սակայն, բնակիչների խոսքով, խնդրանքներն ու հորդորներն ապարդյուն են անցել. «Ոչ ոք հետևողական չեղավ այս արագ լուծվող հարցը կարգավորելու համար: Չենք կարողանում հասկանալ` ինչո՞ւ չեն կարգավորում այս ամենը: Մի՞թե դժվար բան կա»,- զայրացած նշեցին 25 շենքի բնակիչները:
Ի դեպ, ցանկապատերի խնդիրն Աջափնյակում, կարծես, միայն վերը նշված շենքում չէ, որ առկա է: Մի քանի տեղ ևս կարելի է հանդիպել ջարդված, անմխիթար վիճակում գտնվող ցանկապատեր: