ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Կողմերը զրուցել են դեսպանավարման շրջանում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին և Գերմանիայի կառավարությանը ձևավորված ամուր համագործակցության համար` այս համատեքստում առանձնացնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխգործակցության լայն շրջանակը:
Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության և, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը:
Ռայներ Մորելը կարևորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, և ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են երկուսով:
Հրաժեշտի հանդիպման ավարտին նախարար Հովհաննես Մանուկյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ռայներ Մորելի պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքը, նրան մաղթել է հաջողություններ հետագա բոլոր ձեռնարկումներում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն