«Անբարոյականություն է հոսանքի թանկացումը «Նաիրիտի» աշխատավարձերի հետ կապելը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարչապետը դիմում է աշխատողներին` ասելով ներդրող գտեք, և ես կընդառաջեմ: Ես այս հայտարարությունը համարում եմ ոչ լուրջ, որովհետև պետությունն ինքը պետք է ներդրող գտնի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նաիրիտ» գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ  Անուշ Հարությունյանը՝ ոչ լուրջ համարելով նաև գործարանի արտադրանքի իրացման հետ կապված շրջանառվող լուրերը: «Նախորդ տարվա սկզբին ևս խոստումներ եղան, ինչը չիրագործվեց, և մենք սկսեցինք ոտքի կանգնել, ցույցեր, բողոքի ակցիաներ կազմակերպել: Այժմ սպասում ենք, որ մինչև հուլիսի 15-ը կվճարվեն նաիրիտցիների պարտքերը: Հակառակ դեպքում ավելորդ կլինի բողոքի ակցիաների դադարեցման մասին խոսքել» – ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ այս պահանջից բացի` նրանք ունեն երկրորդ՝ շատ կարևոր պահանջ՝ «Նաիրիտի» վերագործարկումը: Հարությունյանը հավելեց, որ «Նաիրիտի» գործարկման տարիներին արտադրված կաուչուկը ամբողջ աշխարհում իրացվել է, անգամ ճապոնական կաուչուկ արտադրող ընկերությունները դիմել են իրենց՝ արտադրանքը ամբողջությամբ գնելու նպատակով:

Այսինքն՝  ըստ բանախոսի` «Նաիրիտ» գործարանի վերագործարկման դեպքում արտադրանքի իրացման հետ կապված որևէ խնդիր չի լինելու:

Անուշ Հարությունյանը անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներից մեկին, որտեղ նշված էր, թե հոսանքի թանկացումը կապ ունի նաիրիտցիներին վճարվելիք աշխատավարձի հետ: Նա աբսուրդ համարեց այս ինֆորմացիան ՝ ասելով, որ չի կարող էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված լինել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձով:

«ՀԷՑ-երից երբեք գումար չեն վերցրել «Նաիրիտին» տրամադրելու համար: Եվ հիմա էլ՝ «Նաիրիտի» աշխատավարձի վճարման համար ասել, թե ժողովրդից են փող հավաքում, պարզապես մեծ հիմարություն է: Անբարոյական է հոսանքի թանկացումը կապել «Նաիրիտի» աշխատավարձերի հետ»- եզրափակեց իր խոսքը Ա. Հարությունյանը:




Լրահոս