Այսօր հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում մահացել է հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: Նա ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին Վրաստանի հայաբնակ թաղամասերից մեկում` Բոլնիս-Խաչենում:
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել էԱնդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–82), եղել Վրաստանի և Իմերեթիայիհայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

Armenianintellectuals
Աջից ձախ՝ Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, (ներքևում) Վրթանես Փափազյան, Արշակ Չոպանյան

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում1862 թվականին։ «Արություն և Մանվելով» (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։

800p
Ղազարոս Աղայանի կիսանդրին №63 հիմնական դպրոցի բակում

Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Տորք Անգեղի մասին։

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

1024px-Vernatun
«Վերնատան» անդամները․ նստած են՝ Իսահակյան, Աղայան, Թումանյան․ կանգնած են՝ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։




Լրահոս