Երևամի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Երեկ անձամբ այցելել եմ Նազարբեկյան 48 հասցեում գտնվող ԱՆՏԵՐ շենքը, որը չունի տանիք, կոյուղագիծ, վերելակների համար նախատեսված բաց հորերը կարծես հրեշի երախ լինեն, որտեղ ամեն վայրկյան կարող է մարդ ընկնել, հատկապես երեխա: Շենքի կոյուղաջրերը կուտակվում են մի 10 մետր հեռավորության վրա եղած փոսի մեջ, որն արդեն լեփ-լեցուն է և գարշահոտությունը, հատկապես ամռան տապին, խեղդում է, համաճարակի բուն կարող է դառնալ: 9 հարկանի շենքի աստիճանները բազրիք չունեն, մարդիկ իրենց «բնակարան» կոչված ավերակների համար քար ու ավազը 9 հարկ ձեռքով են բարձրացնում: Ականատես եղա, թե ինչպես 15-ամյա տղան՝ իր ավելի փոքր տարիքի եղբայրների հետ, ովքեր վաղը ծառայելու են հայկական բանակում, 8-րդ հարկի <բնակարան>-ի հատակն էին սվաղում: Նրանցից պահանջելու ենք սիրելի իրենց Հայրենիքն ու անմնացորդ ծառայել, ինչպես այսօր էլ այդ շենքի տղաներն են արդեն ծառայում, բայց այս տղաներն իշխանության համար այսօր, մեղմ ասած, չկան, բայց բանակի տարիքում անպայման կգտնեք նրանց: 8-րդ հարկում տեսա հաշմանդամ հղի կնոջ, ով իր «բնակարանում» 2 օր առաջ օձ էր հայտնաբերել, տեսա այն բանկան, որտեղ շենքի փոքրիկները իրենց «բնակարան»-ների մորմերն էին հավաքել:
Տիկին Ռիտա Սարգսյան, պարոն Հովիկ Աբրահամյան, պարոն Արմեն Երիցյան, ՀՀ առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյան, պարոն Արման Սահակյան և իրենց դղյակներում ապրող ՀՀ բոլոր պաշտոնյաներ, այն, ինչի ականատեսն եղանք այս շենքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ, պատմելու չի, պետք է տեսնեք և մի ակնթարթ պատկերացնեք, որ նման շենքում ապրում եք դուք ՝ ձեր երեխաների ու թոռների հետ: Ես չեմ ասում, որ այդ շենքում ապրող երեխաներն ապրեն ձեր թոռների նման, ես աղաղակում եմ այն մասին, որ Նազարբեկյան 48 շենքում ապրում են ձեր հայրենակիցները, որոնք ոչ թե ապրում են, այլ՝ տառապում:
Նրանք անզոր են առանց կառավարության օգնության նրա նվիրաբերած բնակարանների» շենքի տանիքը սարքել, կոյուղագիծը քաշել:
ՀՀ կառավարության «Բնակելի տարածք նվիրաբերելու մասին» 27.12.2012թ. N1684-Ա որոշման մեջ դրված է պայման, ըստ որի «բնակարան» ստացած քաղաքացիները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցություն ցուցաբերել շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին, սակայն ոչ մի խոսք այն մասին, թե ով է տանիքը սարքելու և կոյուղագիծը քաշելու: Բնակիչներն արդեն իրենց ուժերով քաշել են ջրագիծ, ներքին կոյուղագիծ, կատարել են որոշակի ամրացման աշխատանքներ, էլ ի՞նչ եք ակնկալում այդ խեղճ ու կրակ ժողովրդից: Ինչո՞ւ կառավարության որոշման մեջ հստակ չեք գրել կառավարության անելիքի մասին: Էլ չեմ ասում, որ կառավարության որոշման մեջ 8 «բնակարան նվեր» ստացած անձանց ցուցակում բնակիչների անվան դիմաց գրված է 60-85ք.մ. տարածք այն դեպքում, երբ 8- և 9-րդ հարկերում «նվիրված բնակարաններ»-ը ուղիղ իմաստով բաց երկնքի տակ են և ընդհանուր մակերեսի միայն 6ք.մ.-ն է, որի տակ քիչ թե շատ, կարելի է անձրևից պատսպարվել, մնացած քառակուսի մետրերի վրա կյանք չկա, թղթի վրա են: Նման «բնակարանում» ապրում է ազատամարտիկն իր տղայի ընտանիքի հետ, ով ասում է, եթե պետք լինի, ես նորից կկռվեմ իմ Հայրենիքի ազատության համար, իսկ հայրենի կառավարությունը ստորացրել է նրան:
Կառավարության որոշումը գրելիս այս մասին իհարկե գիտեր Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կառավարման վարչության պետ պարոն Արման Սահակյանը, ով, վստահ եմ, կառավարությունում հարցը ներկայացնելիս չի նկարագրել «նվիրված»
բնակարանների ողբալի վիճակն ու դիտավորյալ չի ամրագրել կառավարության պարտավորությունը: Շենքի պանելներն ամեն րոպե կարող են փլվել, ինչպես արդեն եղել է 2 տարի առաջ և ԱԻՆ-նն անձամբ է տեղում վնասազերծել ընկած պանելն ու հանգիստ խղճով հեռացել ու մինչ օրս կառավարությունից չի պահանջել շենքի անվտանգությունն ապահովելու համար գումար հատկացնել:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան, որպես քրիստոնյա մայր, տատիկ և պարոն Հովիկ Աբրահամյան, նույնպես բազմավաստակ պապիկ, չեմ ուզում հավատալ, որ դուք, դիտելով այսօրվա «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը, անտարբեր կլինեք այս շենքում ապրող մեր հայրենակիցների ու հատկապես երեխաների նկատմամբ: Ազնիվ խոսք, չեմ չափազանցում, Աստված մի՛ արասցե, ամեն օր կարող է այնտեղ ողբերգական դեպք գրանցվել: Հետո չասեք՝ չգիտեինք:
Խնդրում եմ, աղերսում եմ, գտեք Նազարբեկյան 48 շենքի տանիքն ու կոյուղագիծը կառուցելու անհրաժեշտ գումարը, որից հետո միայն նրանց առջև պայմաններ դրեք:
Հավատում եմ, որ այս կոչ-աղերսը, պահանջը կշարժի ձեր գութն ու հետաքրքրությունը, դուք կդիտեք այդ ռեպորտաժն ու նույնպես կապրեք նույն զգացումները, ինչ որ՝ ես և լրագրողը, անպայման կարձագանքեք»: