Հունիսի 18-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում կայացել է «Փոքր բիզնեսի ակտի գնահատում 2015» (ՓԲԱ գնահատում)/(Small Business Act Assessment 2015) թեմայով Փոքր Բիզնեսի Ակտի շահառուների հանդիպումը, որը կազմակերպվել էր Եվրոպական Հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Եվրասիական մրցունակության ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկի ու Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի հետ համատեղ:
Աշխատաժողովին մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պաատսխանատու են Փոքր Բիզնեսի Ակտի 10 ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ և ԵՄ փորձագետների կողմից ներկայացվել են 2015 թվականի գնահատման նախնական արդյունքները, նախորդ գնահատման համեմատ առաջընթաց գրանցած ցուցանիշները: Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
«Փոքր բիզնեսի ակտի գնահատում 2015» գնահաման ամփոփված նախնական արդյունքները կներկայացվեն Բրյուսելում ընթացիկ տարվա հուլիսի 1-ին կայանալիք աշխատաժողովի ընթացքում, որին կնախորդեն հունիսի 30-ին անցկացվելիք երկկողմանի ձևաչափով քննարկումները Եվրոպական Հանձնաժողովի, ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի, Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկի և Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետությունը «ՓԲԱ գնահատում» ծրագրի իրականացմանը մասնակցում է 2012 թվականից: Ծրագրին մասնակցում են նաև Արևելյան Գործընկերության ծրագրի անդամ մյուս երկրները: Փոքր Բիզնեսի Ակտի գնահատումը ներկայումս իրականացվում է երկրորդ անգամ:
ՓՄՁ քաղաքականության ինդեքսը զարգացող տնտեսությունների համար համեմատական գործիք է, որն օգնում է գնահատել փոքր և միջին ձեռնարկատիրությանն առնչվող քաղաքականությունը և իրականացնել դրա դիտանցը: Ինդեքսը մշակվել է ՏՀԶԿ-ի կողմից և իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկի և Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի հետ համատեղ: Հայաստանի Հանրապետությունում Ինդեքսի իրականացման պատասխանատու և համակարգող կառույցը էկոնոմիկայի նախարարությունն է: