“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
“Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին:
Գառնու “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտները, նույն ինքը՝ “Քարերի սինֆոնիան”, գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում, և համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. “ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին” հ. 967-Ն որոշմամբ հաստատված ցանկի 37-րդ կետի` համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ինչպես մնացած հուշարձանները, այն նույնպես բնության հատուկ պահպանվող տարածքի իր անձնագիրը չունի: Հուշարձանների անձնագրերի կազմման և պահպանման ռեժիմի սահմանման աշխատանքները “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” ՀՀ օրենքով պարտավոր է կատարել ՀՀ բնապահպանության նախարարությունը:
“Հեծանիվ+” ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը մի քանի անգամ նկարահանել է քարերի ոչնչացման տեսարանները և միևնույն ժամանակ տեղեկացրել է Գառնու համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, խնդրելով որպեսզի վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի բնության այս եզակի հուշարձանի նկատմամբ վանդալիզմը կանխելու ուղղությամբ և հաղորդում ներկայացնի ոստիկանություն:
Տեսանյութում ակնհայտ երևում է, թե վանդալները դեպքի վայրում ինչպես են նախապես քարերը մանրացրել, դասավորել և նախապատրաստել մեքենայով տեղափոխելուն: Ի դեպ, այն պահին, երբ վանդալները նկատել են բնապահպան-ակտիվիստներին, անմիջապես դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրենց գործիքներն ու մանրացված քարերի մի մեծ կույտ:
Դեպքի առնչությամբ բնապահպան-ակտիվիստները կրկին դիմել են Գառնու համայնքի ղեկավարին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, մասնավորապես՝ իր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Մենք այն տպավորությունն ունենք, որ Գառնու համայնքի ղեկավարը փորձում է թաքցնել հանցագործությունը և/կամ պարտակել հենց այդ հանցագործությունը կատարողներին և պատվիրատուներին:
Ի դեպ, Գառնու տարածքում կան մի քանի օլիգարխի առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործված շինանյութ հանդիսացող քարը ակնհայտ հուշում է ոչ վաղ անցյալում իր՝ բնության հուշարձանի մաս կազմելու մասին:
Հարց է առաջանում, թե ու՞մ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի հանրային սեփականության` չնաշխարհիկ Գառնու “Քարերի սիմֆոնիայի” քարերի հաշվին: Ո՞վ է հովանավորում և կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը, ինչու՞ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ կամ ի՞նչ ընթացքում է այն գտնվում, որևէ տեղեկություն մինչև օրս չկա, իսկ վանդալիզմը նշյալ տարածքում շարունակվում է:
Գառնու համայնքի ղեկավարը վստահեցրել է բնապահպան-ակտիվիստներին, որ ինքը կատարվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունք, սակայն դեռևս պատասխան չի ստացել:
Մինչ ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի “Քարերի սիմֆոնիան” կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին (հանցագործն) է անցել գործի՝ հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահի: Կարծես թե Հայաստանում շինարարություն իրականացնելու համար էլ քար չի մնացել կամ էլ չի բացառվում, որ որոշ մարդիկ, չարաշահելով իրենց իրավունքներն ու դիրքը, որոշել են գումար տնտեսել և իրենց առանձնատները կառուցել պետության ու ժողովրդի սեփականության հաշվին:
Երբ նախկինում կատարված հանցագործությունները շարունակում են մնալ չբացահայտված, իսկ հանցագործներն՝ անպատիժ, սնկի պես աճում են նոր հանցագործությունները՝ վստահ լինելով, որ իրենց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկի:
Այսպիսով, սույն հայտարարությամբ դիմում ենք ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին և պահանջում, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու՝ թե ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքն ինչու՞ մինչև օրս քայլեր չի ձեռնարկել Գառնու համայնքի ղեկավարի հաղորդմանն իրավական գնահատական տալու, Գառնու տարածքում “Քարերի սիմֆոնիայի” վանդալիզմը կանխելու, հանցագործներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, առաջարկում ենք Գառնու տարածքի “Քարերի սիմֆոնիայի” այդ հատվածում, որի տարածքն ամբողջությամբ տեսանյութում երևում է, ապահովել շուրջօրյա հերթապահություն՝ գալիք հանցագործությունները կանխելու նպատակով:
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնություն