ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թ. մարտի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, քաղաքացի Ս.Նավասարդյանը, ևս 4 անձանց հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում ուժեղացված ծառայություն իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին:
Ս.Նավասարդյանը հեգնանքով հարցրել է, թե արդյոք տեսուչները չե՞ն կանգնեցրել իրենց ավտոմեքենան, ապա՝ առաջարկել իր համար ծխախոտ գնել։ Չենթարկվելով ծառայության վայրից հեռանալու և ծառայությանը չխոչընդոտելու՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանի օրինական պահանջներին՝ Նավասարդյանը հայհոյել է, տեսուչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ս.Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: