Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակ։
Արմեն Մուրադյանը մանրամասն ծանոթացավ շինարարության ընթացքին, զրուցեց կառուցողների հետ։ Նրանք նախարարին վստահեցրին, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն նախանշված ժամկետներում։ Նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի ապահովման կապակցությամբ։
Շինարարական աշխատանքների ավարտից Համաշխարհային բանկը բժշկական նոր կենտրոնը կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
Արդյունքում Վանաձորում կունենանք բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոն` ախտորոշիչ լայն հնարավորություններով, ժամանակակից վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվեցին բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։
«Մեծ սպասելիքներ ունենք Վանաձորի հիանալի նոր կենտրոնից»,-ասաց Արմեն Մուրադյանը` շինարարներին հորդորելով շարունակել աշխատել նույն պատվախնդրությամբ։
Լոռու մարզի և հատկապես Վանաձորի բնակչությունը երկրորդային և երրորդային բժշկական ծառայություններ կստանա տեղում:
Հիշեցնենք, որ համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։