ՏԿԱԻ նախարարը մարզպետերի հետ արտհերթ խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի եւ հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձեւավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը:

Հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են եւ ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Նախարար Երիցյանը հանձնարարեց քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ եւ հնարավոր լուծումներ առաջարկել:

Քննարկվեցին նաեւ այս պահի դրությամբ հանրապետության շուրջ 5 մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասները՝ ինչպես գյուղական տնտեսություններին, այնպես էլ՝ բնակարաններին:

ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ բերեցին սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետերին հանձնարարեց շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ:

ՏԿԱԻ նախարարն անդրադարձավ նաեւ համայնքներում աշխատավարձի գծով ձեւավորված պարտքերի խնդրին. մարզպետերը հավաստիացրեցին, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն՝ համայնքների կողմից ձեւավորված պարտքերի շուտափույթ մարելու համար:




Լրահոս