Հալեպում դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի մոտակայքում գտնվող Բուսթան Բաշա թաղամասում նոյեմբերի 29-ի առավոտյան թեժ մարտեր են սկսվել: Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այսօրվա մարտերը բնակիչները որակում են որպես ամենածանր մարտերից մեկը: Պատճառած վնասների մասին, սակայն, այս պահին տեղեկություններ չկան:
Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ առավոտյան դիպուկահարի արձակած գնդակից կրկին հայ է վիրավորվել: Վիրավորված հայ կնոջը տեղափոխել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել: Նախնական տեղեկություններով` կնոջ վիճակը ծանր չէ: Պայթյուն է տեղի ունեցել նաև Սուլեյմանիա թաղամասում, որտեղ դիպուկահարի գնդակից նաև մեկ աղջիկ է վիրավորվել, ով հայ չէ:
Ռեյսիյանի տեղեկացմամբ` այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, հատկապես կենտրոնական թաղամասերում: Սակայն բնակիչները չափազանց զգուշավոր են: Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ հայաշատ Ջարամանայում սգի օր է հայտարարվել, այսօր տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին ահաբեկչության հետևանքով զոհվածների թաղման արարողությունը: Բոլոր խանութները փակ են: Բարեբախտաբար նոր պայթյուններ և բախումներ չկան:




Լրահոս